
Դատախազության միջնորդագրերի հիման վրա Սևանա լճի 1905 մետր բացարձակ նիշից ցածր ափամերձ տարածքներում ապամոնտաժվել է ապօրինի կառուցված 201 շենք-շինություն։ Քանդված կառույցների թվում են նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին և նրանց հարազատներին առնչվող առանձնատներ, քոթեջներ և այլ շինություններ` այդ թվում քանդվել են պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի որդու և այլոց օբյեկտները:
Աշխատանքները շարունակվելու են լողափնյա սեզոնի ավարտից հետո։
Դատախազությունը 2025 թվականի դեկտեմբերի 11-ին հայտարարել էր, որ մեկնարկել են Սևանա լճի ափամերձ տարածքներում՝ բացարձակ նիշից ցածր հողամասերում ապօրինի կառուցված շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները: Դատախազությունը միաժամանակ տեղեկացրել էր, որ ապօրինի շինությունների քանդման աշխատանքները շարունակվելու են 2026 թվականին:
Դատախազի միջնորդագրերի հիման վրա, ի թիվս այլնի, ապամոնտաժվել են՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին փաստացի պատկանող առանձնատան՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող պարիսպները և թեքահարթակը (Դատախազությունն առանձնատան վերաբերյալ հայց է ներկայացրել իրավասու դատարան), ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանի որդու կողմից ապօրինի կառուցված առանձնատունը, ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի եղբոր կողմից ապօրինի կառուցված քոթեջը, Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդու՝ Կարեն Ռաֆիկի Գրիգորյանի կողմից ապօրինի կառուցված քոթեջը, ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող պարիսպը, բետոնե հենապատերը, թեքահարթակը և այլ շինություններ (Դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով, ի թիվս այլնի, պահանջում է Վլադիմիր Գասպարյանից ու նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել այս առանձնատունը):
Վերոնշյալ միջնորդագրերից բացի, Դատախազության կողմից դատարան են ներկայացվել հայցեր, որոնք, ի թիվս այլոց, վերաբերում են. Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը (Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոց 97 հասցե), «Հարսնաքար» հյուրանոցի վարչական համալիրին (Սևան քաղաքի Երևանյան խճուղի 50 հասցե), «Հարսնաքար» հյուրանոցի քոթեջներին (Սևան քաղաքի Երևանյան խճուղի 48/6 հասցե), Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը (Սևան քաղաքի Հանգստի գոտի 3-րդ փողոց 38 հասցե), ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը (Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցե), «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը (Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոց 88 հասցե):
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության և Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում կատարված ուսումնասիրությունների արդյունքում հանցագործության մասին հաղորդումներ են ուղարկվել նախաքննական մարմիններ, որտեղ նախաձեռնվել են քրեական վարույթներ։
Դատախազությունը 2026 թվականի մայիսի 12-ին, հուլիսի 6-ին և 7-ին տեղեկացրել էր նաև, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը միջնորդագրեր է ուղարկել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին և Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարին՝ ՊՈԱԿ-ի և Նազիկ Ամիրյանի, Վարշամ Ղարիբյանի, Արայիկ Հայրապետյանի, «Ռաֆիկ և Գոռ Գասպարյաններ» ՍՊԸ-ի, «Սեդրակյան Հուսիկ և ընկերներ» ՍՊԸ-ի, ինչպես նաև Խոսրով Ավետիսյանի միջև կնքված Սևանա լճի ափամերձ հողամասերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։
Ի պատասխան քաղաքացիների այն մտահոգության, թե «ինչո՞ւ եք ապամոնտաժում շենքը, եթե այն կարելի է տալ սոցիալապես անապահով ընտանիքներին», դատախազությունը նշել է, որ Սևանա լճի 1905․0 մետր բացարձակ նիշից ցածր տարածքները համարվում են ջրածածկման ենթակա և ափամերձ պահպանության գոտի։
Հաղորդագրությունում հիշեցվել է, որ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի №1563-Ն որոշմամբ սահմանվել է՝ Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով ջրածածկման և ողողման ենթակա տարածքները ներառում են «Սևան» ազգային պարկի լճի ջրային սահմանից մինչև 1905․0 մետր բացարձակ նիշը։
Դատախազության պարզաբանմամբ՝ ապամոնտաժվող կառույցները այլ նպատակով փոխանցելու իրավական հիմքեր չկան, քանի որ դրանք գտնվում են ջրածածկման վտանգի գոտում, դրանց նկատմամբ սեփականության իրավունք չի կարող գրանցվել, իսկ դրանց առկայությունը վնասում է Սևանա լճի էկոհամակարգին, լճի մաքրությանը և ջրի որակին։