
Վանդալիզմի դեպք է տեղի ունեցել Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատանը, հայտնում է Պոլսո հայոց պատրիարքարանը։
Այս գերեզմանատանն են թաղված արևմտահայ նշանավոր գործիչներ, այդ թվում՝ գրողներ Հակոբ Պարոնյանը, Երվանդ Օտյանը, Պետրոս Դուրյանը, ինչպես նաև կոմպոզիտոր, հայկական առաջին օպերայի հեղինակ Տիգրան Չուխաջյանը, գրում է Sputnik Արմենիան:
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի լույս 8-ի գիշերը՝ անհայտ անձը ներխուժել է գերեզմանատուն և վնասել վեց դամբարան, նաև տարածքում գտնվող աղբյուրը։
«Դեպքը խորապես վիրավորել է համայնքի ներկայացուցիչներին, մասնավորապես նրանց, ում սիրելիների դամբարաններն այդ գերեզմանատանն են։ Թաղային խորհուրդն անմիջապես դիմել է պատկան մարմիններին, որոնք ձեռնարկել են օրինական հետապնդման աշխատանքներ՝ հանցագործի ինքնությունը պարզելու և նրան արդարադատության ձեռքը հանձնելու համար»,- հայտնում են պատրիարքարանից։
Սկյուտարը Ստամբուլի պատմական թաղամասերից է, որտեղ 20-րդ դարասկզբին մոտ 50, 000 հայ է բնակվել։ Այստեղ 1838 թվականին հիմնադրվել է Սկյուտարի ճեմարանը, որը դարձել է հայ աշխարհիկ առաջին ճեմարանը։