
10 իրավապաշտպան կազմակերպություն համատեղ հայտարարությամբ դատապարտել է ԱԱԾ դիմակավորված և զինված ծառայողների կողմից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ «անհարկի անհամաչափ ուժի գործադրումը և գետնին տապալելը այն դեպքում, երբ նրա կողմից որևէ դիմադրություն չէր ցուցաբերվում»։
Նրանք նաև նշել են, որ գործի քննությունը պետք է իրականացվի անկախ՝ բացառելով քաղաքական ազդեցությունը և ապահովելով վարույթում ներգրավված բոլոր անձանց իրավունքները։
«ՀՀ քննչական կոմիտեի կողմից տեսանյութի հանրայնացումը, գնահատելով դրա բովանդակությունը, ձևաչափը և տարածման եղանակը, թույլ է տալիս եզրակացնել, որ պետական մարմնի գործողությունը չի բխել միայն հանրությանը տեղեկացնելու օրինական նպատակից, այլ կրել է անձին հրապարակային նվաստացնելու և ցուցադրաբար պատժելու նպատակ։
Ավելին, նախընտրական քարոզչության ընթացքում ՀՀ վարչապետի հրապարակային հայտարարությունների և դրանց համատեքստի գնահատումը թույլ է տալիս եզրակացնել, որ վիճարկվող գործողությունները չեն կարող դիտարկվել մեկուսացված, այլ պետք է գնահատվեն պետական իշխանության ամենաբարձր մակարդակում հնչեցված հրապարակային ուղերձների ու հրահանգների ընդհանուր համատեքստում։
ՀՀ Սահմանադրությունն ամրագրում է, որ մարդը բարձրագույն արժեք է ու բացարձակապես արգելում է խոշտանգումը, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ իրավապահ մարմինների հետ հարաբերվելիս ցանկացած ուժի գործադրում, որը խիստ անհրաժեշտ չէ պայմանավորված անձի վարքագծով, նվաստացնում է նրա մարդկային արժանապատվությունն ու խախտում անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի չենթարկվելու իրավունքը»,-ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ իրավապահ մարմնի ծառայողների կողմից ֆիզիկական ուժ կարող է գործադրվել միայն նախատեսված դեպքերում, այն պետք է լինի իրավաչափ և համաչափ, պիտանի և անհրաժեշտ օրենքով սահմանված իրավաչափ նպատակին հասնելու համար։
«Նույն հրապարակային ուղերձների համատեքստում պետք է գնահատվի նաև տարիներ առաջ հարուցված քրեական վարույթի շրջանակներում Գագիկ Ծառուկյանին պատկանող վայրի կենդանիների առգրավման և Երևանի կենդանաբանական այգի տեղափոխման գործողությունը։ Այդ միջամտության անհրաժեշտության, համաչափության և իրական նպատակի վերաբերյալ բավարար հիմնավորումների բացակայությունը, դիտարկված գործի ընդհանուր փաստական համատեքստում, թույլ է տալիս կասկածի տակ դնել, որ այն պայմանավորված էր բացառապես քրեական վարույթի օրինական նպատակներով։ Ավելին, տեղափոխման ընթացքում քնեցված առյուծներից մեկի անկման փաստը ենթակա է արդյունավետ, անկախ և ամբողջական քննության:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք․
Հայտարարությունը ստորագրել են՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Հելսինկյան ասոցիացիա ԻՀԿ-ն, «Արդարության նոր մշակույթ» ՀԿ-ն, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն, «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտեն, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն և Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը։
Հուլիսի 6-ի վաղ առավոտից ԱԱԾ, ՊԵԿ, ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները 70-ից ավելի հասցեներում՝ Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող ընկերություններում, իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ: Ծառուկյանը ձերբակալվել է: Հուլիսի 7-ի վաղ առավոտից Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացել է Ծառուկյանի խափանման միջոցի քննությունը: Օրվա ավարտին հայտնի է դարձել, որ նա 2 ամսով կալանավորվել է:
Ծառուկյանի առանձնատնից Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված առյուծներից մեկը քնեցումից չի արթնացել: Նշվում է,որ դա պայմանավորված էր մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով։