10 հուլիսի 2026 - 10:43 AMT
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացվել է ևս 2 ամսով

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարացվել է, հայտնում է Factor.am-ը:

Հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցվել է մեղադրանք՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով։

Դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը և Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանքը, որի ժամկետն օգոստոսի 15-ին ևս երկու ամսով երկարացվել է։

Ավելի ուշ նրա նկատմամբ առաջադրվել է նաև փողերի լվացման մեղադրանք, իսկ շաբաթներ առաջ մեղադրանքը փոփոխվել և լրացվել է։ Սամվել Կարապետյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հատկանիշներով։