
Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան գերեզմանները պղծած անձը ձերբակալվել է, հայտնում է Ermenihaber-ը:
Վանդալիզմի դեպքից հետո Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ գերեզմանների պղծման փաստով հետաքննություն է սկսվել։ Իրավապահ մարմիններին տրված հանձնարարականների արդյունքում որպես կասկածյալ ճանաչվել է Մ.Կ.-ն։ Նա ձերբակալվել է 48 ժամը չլրացած՝ 2026 թվականի հուլիսի 9-ին։
Հայտարարության համաձայն՝ կասկածյալը 2026 թվականի հուլիսի 10-ին նախ բերման է ենթարկվել Ստամբուլի գլխավոր դատախազություն, այնուհետև կալանքի միջնորդությամբ ուղարկվել է դատարան։ Ներկայում շարունակվում են աշխատանքները՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ անհայտ անձը հուլիսի 7-8-ի գիշերը ներխուժել է Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածք, վնասել վեց դամբարան և աղբյուր։