
ՊԵԿ-ի իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում «Արարատցեմենտում» բացահայտվել են հնարավոր հարկային իրավախախտումներ, որոնց հետևանքով պետությանը, նախնական տվյալներով, պատճառվել է միլիոնավոր դրամների վնաս։
Միջոցառումների շրջանակում ծածկագրված եղանակով իրականացվել է արտաքին դիտման օպերատիվ-հետախուզական միջոցառումը, որի ընթացքում քարտեզագրվել են Արարատի մարզում գործող ցեմենտ արտադրող գործարանից դուրս եկող բեռնատարների երթուղիները, նույնականացվել են դրանց հաշվառման համարանիշերը և մատակարարումների ուղղությունները։ Այնուհետև ստացված տվյալները համադրվել են ընկերության կողմից դուրս գրված հարկային հաշիվների և հարկային մարմնի տեղեկատվական բազաներում առկա տվյալների հետ։ Այդ համադրման արդյունքում բացահայտվել է իրավախախտումների փաստացի ծավալը։ Մասնավորապես, արտաքին դիտման ընթացքում արձանագրվել է, որ նույն օրվա ընթացքում գործարանի տարածքից դուրս է եկել 101 բեռնատար մեքենա, որոնցից 35-ի իրականացրած մատակարարումների մասով հարկային հաշիվներ դուրս գրված չեն եղել։
Ընդամենը մեկ օրվա ընթացքում առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթերի մատակարարվել է մոտ 43.2 միլիոն դրամի ցեմենտ, ինչի հետևանքով պետական բյուջե պակաս է հաշվարկվել մոտ 7.2 միլիոն դրամի ավելացված արժեքի հարկ։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվել են ընկերության մատակարարման ամբողջ շղթայի ուսումնասիրությամբ։ Ձեռք բերված փաստական տվյալների վերլուծության և համադրման արդյունքում առաջացել են հիմնավոր կասկածներ նաև այն մասին, որ մոտ 1.2 միլիարդ դրամի դիզելային վառելիքի ձեռքբերումները ձևակերպվել են հնարավոր անապրանք հարկային հաշիվներով։ Այնուհետև այդ փաստաթղթերն օգտագործվել են ավելացված արժեքի հարկի հաշվանցման և շահութահարկի հարկման բազայի նվազեցման նպատակով։ Նշված գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է մոտջ 442 միլիոն դրամի վնաս։ Համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում բացահայտվել են նաև միևնույն սեփականատիրոջը պատկանող՝ Երևան քաղաքում և Կոտայքի մարզում գործող, բետոնի արտադրությամբ զբաղվող մեկ այլ ընկերության գործունեությունում առկա հնարավոր հարկային իրավախախտումներ։
Պարզվել է, որ ընկերությունը մոտ 73 միլիոն դրամի բետոնի իրացում չի արտացոլել հարկային հաշվառումներում, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 23 միլիոն դրամի վնաս։ Բացի այդ, ձեռք են բերվել տվյալներ, համաձայն որոնց՝ ընկերության կողմից ձևակերպվել են մոտ 49 միլիոն դրամի հնարավոր անապրանք ձեռքբերումներ, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, պետությանը պատճառվել է ևս մոտ 23 միլիոն դրամի վնաս։ Բացահայտված փաստերի հիման վրա հանցագործությունների մասին հաղորդումներ են ներկայացվել վարույթ իրականացնող մարմին, որտեղ նախաձեռնվել են քրեական վարույթներ և իրականացվում է նախաքննություն։
Հուլիսի 6-ի վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, կապարակնքել էր նաև «Արարատցեմենտը»։ Գործարանի աշխատակիցնրը բողոքի ակցիա էին իրականացրել՝ պահանջելով թույլ տալ աշխատել, որից հետո աշխտանքը վերսկսվել է:
Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում ասել է. «Արարատցեմենտի» հետ կապված պրոցես կա, շատ շուտով լինելու է պետական, նշանակվելու է կառավարիչ»։