
Ամերիաբանկը մեկ հարկի տակ էր հավաքել «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթի հաղթողներին: Բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում կայացած մրցույթի արդյունքում մոտ 200 ուսանող 4 ամիս շարունակ ստացել է ամսական 50,000 ՀՀ դրամ կրթաթոշակ 2025-2026 ուսումնական տարվա համար:
«Ամերիաբանկում մենք հավատում ենք, որ երկրի զարգացումը սկսվում է յուրաքանչյուր մարդու զարգացումից։ Մենք ուրախ ենք ուսանողների հետ միասին անցնել այս ճանապարհը, ներդրում ունենալ նրանց զարգացման մեջ, ստեղծել նոր հնարավորություններ մեր երկրի ապագա առաջնորդների համար, միևնույն ժամանակ, սովորել նրանցից ու ոգեշնչվել նրանց գաղափարներով»,- նշել է Ամերիաբանկի Մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Իրինա Փյուսքյուլյանը:

Երկրորդ տարին անընդմեջ Visa ընկերության և «ռեԱրմենիա» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացվող մրցույթի ամփոփիչ միջոցառմանը ներկա էին ինչպես այս տարվա շահառուները, այնպես էլ` նախորդ տարվա հաղթող ուսանողները, ՀՀ բուհերի և Ամերիաբանկի ներկայացուցիչներ, խոսնակներ:
«Նման ծրագրերն ուսանողներին հնարավորություն են տալիս իրենց ուսումնառությունը շարունակել շատ ավելի բարենպաստ պայմաններում: Հայաստանում ֆրանսիական համսլարանից ունենք վեց ուսանող, ովքեր դարձել են ծրագրի շահառու. արդեն հանդիպեցի նրանց և կարող եմ փաստել իրենց ոգևորվածությունը»,- նշել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի համագործակցությունների և զարգացման գծով տնօրեն Ասյա Մովսիսյանը:

Այս մրցույթի նպատակն է միավորել ուսանողներին` ձևավորելով ուսանողական համայնք, ստեղծել հնարավորություններ կրթական, մասնագիտական և անձնային առաջընթացի համար։
Ամփոփիչ հանդիպման առանցքում Ա կետն էր՝ այն մեկնարկային կետը, որտեղից սկսվում են նոր հնարավորությունները, կարևոր որոշումները և հաջողության ճանապարհը։ Միջոցառման օրակարգը հագեցած էր. ինտերակտիվ պանելային քննարկում, խաղի միջոցով միմյանց հետ ծանոթացում, խոսնակների հաջողության պատմություններ և այլն:
«Պանելային քննարկումը ուղղակի ֆենոմենալ երևույթ էր ինձ համար. այնքան նոր մտքեր, նոր գաղափարներ, նոր խորհուրդներ, որ ցանկացած ուսանողին պետք է, ես վստահ եմ` ոչ միայն այստեղ նստածներին, այլ բոլորին պետք է այդպիսի խոսքեր լսել»,- ասել է միջոցառման մասնակիցներից ուսանող Դավիթ Վանյանը:

Պանելային քննարկման ընթացքում առաջարկվում էր 2 պնդում, որոնց օգտին ուսանողները հնարավորություն ունեին քվեարկելու, ինչից հետո բանախոսները կիսվում էին պնդումների վերաբերյալ իրենց տեսակետերով: Այնուհետև քվեարկությունը կրկնվում էր, ինչը թույլ էր տալիս տեսնել կարծիքների փոփոխության պատկերը` իրական ժամանակում:
Պանելային քննարկման խոսնակներն էին Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության ղեկավար Աննա Վարդանյանցը, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը, Renderforest ընկերության հինադիր և գործադիր տնօրեն Նարեկ Սաֆարյանը և «Մատենա» միջազգային դպրոցի համահիմնադիր և տնօրեն Ռուբեն Հայրապետյանը:

«Նման միջոցառումների շնորհիվ ուսանողները հնարավորություն են ունենում լսել զարգացումների, փոփոխությունների մասին, հասկանալ` որ ուղղությամբ պետք է աշխատել, ժամանակ տրամադրել, իսկ ժամանակը այն ամենաթանկ ռեսուրսն է, որ ցանկացած մարդ ունի»,- նշել է հաղթող ուսանողներից Ալիկ Պետրոսյանը:
Ներկաների հետ իրենց փորձով և հաջողության պատմություններով կիսվել են նաև դերասան Սոս Ջանիբեկյանը, Ամերիաբանկի Մասնաճյուղային ցանցի և կոնտակտային կենտրոնի ղեկավար Անդրանիկ Խաչատրյանը և Ալվարիում ընկերության համահիմնադիր Կարեն Վարդանյանը: