
Դատախազը հուլիսի 7-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ իրավասու դատարան է ուղարկել Վանաձորում սպանության փորձի, սպանության նախապատրաստության, ապօրինի զենք պահելու, խուլիգանության և քրեական ենթամշակույթի հետ առնչություն ունենալու մեջ մեղադրվող 8 անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը, հայտնում է ՀՀ դատախազությունը։
Քննչական կոմիտեում իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Վանաձոր քաղաքի մի խումբ բնակիչներ՝ Ա.Հ.-ն, Հ.Պ.-ն, «Քենթ» մականունը կրող Ա.Զ.-ն, «Բեսթ» մականունը կրող Ա.Ա.-ն, Ս.Դ.-ի, «Վհո» մականունը կրող Վ.Ղ.-ի, «Դոնո» մականունը կրող Է.Հ.-ի և Խ.Մ.-ի հետ, ծեծի են ենթարկել «Բգո» մականունը կրող Բ.Ա.-ին։ Դրանից հետո՝ 2026 թվականի մարտի 22-ին, Բ.Ա.-ին սպանելու նպատակով Ա.Հ.-ն, «Քենթ» մականունը կրող Ա.Զ.-ն և «Դոնո» մականունը կրող Է.Հ.-ն դարանակալել են, հետապնդել Բ.Ա.-ի եղբոր վարած ավտոմեքենան, կանգնեցրել այն և հրազենի գործադրմամբ փորձել իրականացնել սպանությունը, սակայն իրենց մտադրությունն ավարտին հասցնել չեն կարողացել։
Նույն քրեական վարույթով նաև պարզվել է, որ 2026 թվականի ապրիլին Վանաձորում ձեռքով բարևելու և ձեռքը երկար սեղմելու հետ կապված վիճաբանություն է ծագել Ար.Ա.-ի և Ֆ.Պ.-ի միջև։ Հարցը կարգավորելու նպատակով Ար.Ա.-ն որդու միջոցով դիմել է վերոնշյալ Ա.Հ.-ին և Ս.Դ.-ին։
Իր հերթին Ֆ.Պ.-ն, տեղեկանալով այդ մասին, դիմել է իր մտերիմ Ար.Հ.-ին, որը ներգրավված է եղել քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացման մեջ։
2026 թվականի ապրիլի 23-ին Ար.Հ.-ի կանչով Ա.Հ.-ն և Ս.Դ.-ն հանդիպել են Ար.Հ.-ին, նրա եղբորորդուն և ևս երկու անձի։ Ա.Հ.-ն և Ս.Դ.-ի ընկեր Ժ.Հ.-ն ավտոմեքենան վարել են Ար.Հ.-ի և նրա մտերիմների ուղղությամբ՝ փորձելով հարվածել և վնասել նրանց, սակայն վերջիններս փախել են ու մտել շքամուտք, որից հետո սկսվել են վիճաբանությունն ու ծեծկռտուքը։ Վիճաբանության ընթացքում Ա.Հ.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Ար.Հ.-ի եղբորորդուն՝ դիտավորությամբ առողջությանը պատճառելով թեթև վնաս, իսկ Ժ.Հ.-ն ապօրինի կրած ատրճանակից կրակոցներ է արձակել Ար.Հ.-ի և նրա մտերիմների ոտքերի ուղղությամբ, ապա հեռացել դեպքի վայրից։
Դատախազության տեղեկացմամբ՝ այդ դեպքից հետո նշված անձանց միջև ձևավորվել են լարված և թշնամական հարաբերություններ, որոնց հետևանքով Ս.Դ.-ն, Ա.Զ.-ն, Է.Հ.-ն, Հ.Պ.-ն, Ա.Ա.-ն և Ա.Հ.-ն նախապատրաստել են Ար.Հ.-ի և նրա մտերիմների սպանությունը։ Մասնավորապես, նրանք լիցքավորել են ապօրինի ձեռք բերված հրազենները, դարանակալել Վանաձոր քաղաքի «Հուշարձան» կոչվող տարածքում, ապա նկատել Ար.Հ.-ի ավտոմեքենային նմանվող մեքենա, սակայն հանցագործությունն ավարտին հասցնել կրկին չի հաջողվել։
Քննությամբ նաև պարզվել է, որ Ար.Հ.-ն, լինելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված անձ և խախտելով իր նկատմամբ մեկ այլ քրեական վարույթի շրջանակում ընտրված տնային կալանքի պայմանները, մասնակցել է վերոնշյալ գործողություններին և իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակոցներ է արձակել օդ։
Դատախազը 8 անձի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ սպանության փորձի, սպանության նախապատրաստության, խուլիգանության, ապօրինի հրազեն պահելու, առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելու և քրեական ենթամշակույթի հետ առնչություն ունենալու մեղադրանքներով։ Բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։