
Գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի տաբակի» աշխատակիցները պահանջել են վերաբացել իրենց աշխատավայրը կամ պարզաբանել, թե որքան է շարունակվելու ստեղծված իրավիճակը և ինչպես են վճարվելու չաշխատած օրերը։
«Պահանջում ենք բացել մեր աշխատանքի վայրը, մարդավարի աշխատենք։ Մենք ողորմություն չենք ուզում, մենք պաշտոն չենք ուզում, մեր ուզածն է՝ գործարանը բացվի, աշխատեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Մուլտի տաբակի» աշխատակիցներից մեկը, հայտնում է Panorama.am-ը:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող այլ ընկերությունների նման, «Մուլտի տաբակը» ևս արդեն մեկ շաբաթից ավելի կապարակնքված է իրավապահների կողմից։ Ստեղծված իրավիճակի հետևանքով «Մուլտի տաբակի» 150 աշխատակից անգործ է մնացել։
Ընկերության աշխատողները պահանջում են իրենց աշխատելու հնարավորություն տալ կամ առնվազն հայտնել, թե մինչև երբ է նման վիճակը շարունակվելու և արդյոք չաշխատած օրերի դիմաց վճարումներ են ստանալու։ Նրանք ցանկանում են հասկանալ, թե ստեղծված պայմաններում ինչպես կարող են լուծել իրենց խնդիրները։
Աշխատակիցներից մեկը հայտնել է, որ Արցախից տեղահանված է և մեկ տարի շարունակ որևէ վայրում չի կարողացել աշխատանք գտնել. «Բարի, նորմալ մարդկանց միջմատությամբ մտել եմ այստեղ աշխատելու, շատ լավ կոլեկտիվ է։ 15-20 աշխատակից կա Արցախից, մեզ բոլորիս լավ ընդունել են։ Բոլորս տան վարձ ենք տալիս, ուսման վարձ, որտեղի՞ց պետք է տանք։ Այլ տեղ աշխատանքի չեն ընդունում մ
«Մուլտի տաբակի» մեկ այլ աշխատակից ասել է․ «Պահանջում ենք գործարանը բացեն՝ աշխատենք։ Բոլորս վարկերի, պարտքերի տակ ենք։ Սենց ո՞նց կլինի։ Արդեն 9 օր է՝ չենք աշխատում։ Եթե գործարանը չբացեցին, ամեն ինչի ընդունակ ենք», հայտնում է Aysor.am-ը:
Ընկերության մեկ այլ աշխատակից էլ հավելել է. «Վարչապետն ամբողջ երկրով շրջագայում է, սելֆի է անում, չի՞ մտածում, որ 15 հազար աշխատող անգործ է մնացել, զզվել ենք արդեն, ի՞նչ են մտածում»:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի մի քանի ընկերությունների աշխատակիցները նախորդ օրը միաժամանակյա ակցիաներ են անցկացրել ձեռնարկությունների մոտ՝ պահանջելով հեռացնել կապարակնիքները և իրենց աշխատելու հնարավորություն տալ։ Հարկադիր պարապուրդում հայտնված գործարանների աշխատակիցները հայտարարել են, որ աշխատատեղերը չվերաբացելու դեպքում պատրաստվում են դիմել ծայրահեղ քայլերի՝ պարալիզացնել ճանապարհները։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորվել է։ Հուլիսի 6-ին Քննչական կոմիտեի քննիչները մոտ 12 ժամ խուզարկություն են իրականացրել Ծառուկյանի առանձնատանը, ինչպես նաև նրա հետ փոխկապակցված ավելի քան 70 այլ հասցեներում։