15 հուլիսի 2026 - 11:55 AMT
Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարն այցելել է ՊՆ

Հուլիսի 14-ին պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ՊՆ վարչական համալիրում ընդունել է Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին։

Արման Սարգսյանը շնորհավորել է Սատու Կոյվուին Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարությունը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել առաքելության իրականացման գործում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր։

Ֆինլանդացի ոստիկանության ավագ սպա Սատու Կոյվուն ԵՄ խորհրդի կողմից նշանակվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության (EUMA) ղեկավար՝ բերելով ավելի քան 35 տարվա փորձառություն։ Նա պաշտոնը ստանձնել է 2026-ի փետրվարին:

Աառաքելության մանդատն ընդգրկում է տեղում իրավիճակի դիտարկումն ու դրա վերաբերյալ զեկուցումը՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծի հայկական հատվածում։ Առաքելության մանդատը սահմանված է մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։ Դիտորդներն ու քաղաքացիական փորձագետները ներկայացնում են ԵՄ անդամ 25 պետություն և մեկ երրորդ ներդրող երկիր՝ Կանադան։