15 հուլիսի 2026 - 12:02 AMT
Կաթողիկոսը հայագիտական դասընթացների սփյուռքահայ մասնակիցներին հորդորել է ամրապնդել հայրենիքի հետ կապը

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ընդունել է Սուրբ Էջմիածնում անցկացվող հայագիտական և կրոնագիտական դասընթացներին մասնակցող մոտ 30 սփյուռքահայ երիտասարդների, հորդորել նրանց ստացած գիտելիքները ծառայեցնել աշխարհասփյուռ իրենց համայնքների և ազգային-եկեղեցական կյանքի զորացմանը։

Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ նման կրթական ծրագրերն ուղղված են եղել սփյուռքահայ երիտասարդների հայեցի դաստիարակության և կրթության ապահովմանը, ազգային ու հոգևոր ինքնության ամրապնդմանը, ինչպես նաև եկեղեցու և հայրենիքի հետ կապն առավել զորացնելուն։

Կաթողիկոսի օրհնությամբ արդեն երկրորդ տարին կազմակերպվող դասընթացները նպատակ ունեն ամրապնդել երիտասարդների՝ հայոց լեզվի և պատմության իմացությունը, հարստացնել նրանց հոգևոր գիտելիքները, ինչպես նաև ծանոթացնել հայրենիքի հոգևոր-մշակութային ժառանգությանն ու ազգային արժեքներին։ Ծրագրի շրջանակում հայորդիների համար կազմակերպվել են նաև մշակութային միջոցառումներ և ուխտագնացություններ Հայաստանի տարբեր սրբավայրեր։

Ծրագրի համակարգումն իրականացրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրի փոխտնօրեն Հոգեշնորհ Տ․ Շնորհք աբեղա Սարգսյանը։ Կազմակերպչական հարցերում ծրագրին իրենց աջակցությունն են ցուցաբերել նաև Ղազարավանի միանձնուհիները։