
Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակելու է Ադրբեջանի հետ սերտ խորհրդակցությունների և համակարգման միջոցով։ Այդ մասին ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության 2026 թվականի գործողությունների ծրագրում։
Նշվում է նաև, որ միաժամանակ Թուրքիան շարունակելու է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, հայտնում է APA-ն:
Նշվում է, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է առաջ ընթանան փոխկապակցված ու համակարգված կերպով՝ տարածաշրջանում երկարաժամկետ կայունություն, բարգավաճում և անվտանգություն երաշխավորելու նպատակով։
Թուրքիայի ԱԳՆ-ն նաև ընդգծել է, որ Բաքվին տրամադրվող աջակցությունը հետևողականորեն ամրապնդվելու է՝ նպաստելով Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորմանն ու տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատմանը։
«Մեր ռազմավարական գործընկերությունը նպատակ ունի խթանել խաղաղությունը, բարգավաճումն ու կայունությունը Հարավային Կովկասում՝ երկկողմ և բազմակողմ նախաձեռնությունների միջոցով։ Միաժամանակ, Ադրբեջանի հետ մեր սերտ համակարգումն ու համագործակցությունը վճռականորեն կշարունակվեն տարածաշրջանային կարգավորման գործընթացների շրջանակում»,- նշված է փաստաթղթում։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով պատրաստակամություն հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար։ 2022–ին Վիեննայում երկու երկրների ներկայացուցիչները պայմանավորվել են բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև սկսել բեռների ուղիղ ավիափոխադրումներ, սակայն մինչ այժմ այդ պայմանավորվածությունները գործնականորեն չեն իրականացվել։
2025 թվականի սեպտեմբերին Սերդար Քըլըչը այցելել է Հայաստան։ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ կողմերը քննարկել են 2022 թվականի հուլիսի 1-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման քայլերը և եկել են համաձայնության՝ արագացնել այդ գործընթացը։