15 հուլիսի 2026 - 18:09 AMT
Ստամբուլում ռուս զբոսաշրջիկների են ձերբակալել Սբ Սոֆիայում Աստվածաշունչ կարդալու համար

Ստամբուլում ռուս ամուսիններ են ձերբակալվել այն բանից հետո, երբ նրանցից մեկը Այա Սոֆիայի տաճարում, որը մզկիթի է վերածվել․ սկսել է Աստվածաշունչ կարդալ։

Ձերբակալվածները 35-ամյա Վիկտորյան և նրա 32-ամյա ամուսին Իգոր Ֆ.-ն են, որոնք Մոսկվայից Թուրքիա են ժամանել հանգստի։ Հուլիսի 14-ին նրանք այցելել են Այա Սոֆիա՝ Սուրբ Սոֆիայի տաճար, որը Ստամբուլի գլխավոր տեսարժան վայրերից մեկն է։ Այնտեղ Իգորը հանել է իր հետ բերած Աստվածաշունչը և սկսել է այն կարդալ, հայտնում է Meduza-ն:

Ամուսինների խոսքով՝ իրենց շրջապատել և դուրս են բերել մզկիթից, ապա տեղափոխել Ստամբուլի Ֆաթիհ շրջանում գտնվող ոստիկանության բաժին։ ՏԱՍՍ-ի աղբյուրները հայտնել են, որ Ստամբուլի ոստիկանությունում հաստատել են ձերբակալության փաստը։ Ռուսաստանցիների խոսքով՝ արձանագրությունում նշվել է, որ իրենք կասկածվում են «բնակչության շրջանում ատելություն կամ թշնամանք հրահրելու» մեջ։

Զույգին թույլ չեն տվել վերադառնալ հյուրանոց։ Ի վերջո, նրանց տեղափոխել են Առնավութքյոյ շրջանում գտնվող օտարերկրացիների պահման կենտրոն՝ արտաքսումից առաջ։

«Կնոջս հետ մեզ բաժանել են։ Երկար ժամանակ է՝ չենք կերել և մեզ շատ վատ ենք զգում»,- պատմել է Իգորը։

Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը զբաղվում է ձերբակալված զբոսաշրջիկների հարցով, ահայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։ Նշվել է, որ դիվանագետները կապի մեջ են ռուսաստանցիների փաստաբանի հետ։

Սուրբ Սոֆիայի տաճարը կառուցվել է Բյուզանդիայի կայսր Հուստինիանոս Առաջինի հրամանով և օծվել 537 թվականին։ 1453 թվականին Կոստանդնուպոլսի անկումից հետո տաճարը վերածվել է մզկիթի։ 1930-ականներին Այա Սոֆիան դարձել է թանգարան, իսկ 2020 թվականին կրկին վերածվել մզկիթի։ Այնտեղ վերսկսվել են կրոնական արարողությունները։