
Ռուսաստանը սպասում է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը համաձայնեցնեն «3+3» հարթակի անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հաջորդ հանդիպումների անցկացման հերթականությունը։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2024 թվականի հոկտեմբերին Ստամբուլում կայացած նիստի արդյունքներով, գրում է News.ru-ն:
«2026 թվականի Պետերբուրգի ֆորումի շրջանակում հունիսի 5-ին կայացած «3+3» հարթակի առաջին փորձագիտական նիստում մասնակիցներն ակտիվորեն հանդես եկան քաղաքականացումից զերծ, փոխշահավետ կոնկրետ տնտեսական նախագծերի վրա կենտրոնանալու օգտին։ Մենք լիովին կիսում ենք այդ մոտեցումը», - հայտարարել է Զախարովան։
2025 թվականի դեկտեմբերին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Բաքուն առաջարկել է «3+3» հարթակի հանդիպումն սկզբում անցկացնել Ադրբեջանում, այնուհետև՝ Հայաստանում։ Նրա խոսքով՝ Երևանը չի աջակցել նման հերթականությանը։
«3+3» հարթակը տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է, որի կազմում են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։ Այն ստեղծվել է Հարավային Կովկասում անվտանգության, տրանսպորտային ուղիների զարգացման, առևտրի և այլ տնտեսական նախագծերի քննարկման նպատակով։ Միևնույն ժամանակ, Վրաստանը փաստացի չի մասնակցում հարթակի աշխատանքներին։
Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հայտնել էր, որ Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումը կկայանա Բաքվում կամ Երևանում։ Նա նաև նշել էր, որ ադրբեջանցի և հայ գործընկերների միջև բանակցությունները շարունակվում են։