16 հուլիսի 2026 - 14:32 AMT
COP17-ի համար կվերանորոգվի Երևանի Ոսկերիչների փողոցը

ՀՀ կառավարությունը COP17 համաժողովին ընդառաջ Երևանի Ոսկերիչների փողոցի հիմնանորոգման նպատակով կհատկացնի 545․5 մլն դրամ։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նիստում։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ անհրաժեշտ է ապահովել միջոցառման անցկացման վայրին հարող ճանապարհային ենթակառուցվածքների անվտանգ և ներկայացուցչական վիճակը։ Այդ նպատակով առաջարկվել է կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 545.5 մլն դրամ, որից 535.3 մլն դրամը կուղղվի շինարարական աշխատանքներին, 7 մլն դրամը՝ տեխնիկական հսկողությանը, իսկ 3.2 մլն դրամը՝ հեղինակային հսկողությանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Հիմնանորոգվելու է Ոսկերիչների փողոցի 749 մետր երկարությամբ հատվածը։

Նախագծով նախատեսվել է վերանորոգել ճանապարհը, ամրացնել կամուրջը և հենապատերը, կառուցել նոր ջրահեռացման համակարգ, անցկացնել արտաքին լուսավորություն, վերակառուցել մայթերն ու երթևեկելի մասը, ինչպես նաև կատարել ճանապարհային կահավորման և երթևեկության անվտանգության ապահովման այլ աշխատանքներ։

Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ աշխատանքների ֆինանսավորումը պետք է սկսվի արդեն երրորդ եռամսյակից, որպեսզի հիմնանորոգումն ավարտվի մինչև COP17-ի մեկնարկը։

Համաժողովը նախատեսվել է անցկացնել հոկտեմբերի 18-30-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում։ Այն կմիավորի աշխարհի տարբեր երկրներից ժամանած հարյուրավոր պատվիրակությունների։