
«Օլիմպավանի» աշխատակիցներն ու սաները համալիրի հարակից տարածքում յուրօրինակ բողոքի ակցիա են իրականացրել։ Վաղ առավոտից «Օլիմպավանի» կապարակնքված դռների առջև գորգեր են փռվել, որտեղ անցկացվել է բռնցքամարտի մարզում, հայտնում է Sputnik Արմենիան:
«Հուլիսի 26-ին երեխեքը մրցումների են, պետք է պատրաստվենք, չգիտենք, թե ուրիշ ինչ անենք, դրա համար ստիպված այստեղ ենք մարզվում»,- «Կենտրոն» հեռուստաընկերության հետ զրույցում նշել է բռնցքամարտի մարզիչներից մեկը:
Նրա խոսքով՝ մարզումները մեկ այլ վայր տեղափոխելը դժվար է, քանի որ ավելի քան 100 երեխաներ բնակվում են հենց այդ տարածքում։
Հուլիսի 6-ի վաղ առավոտից ԱԱԾ, ՊԵԿ, ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները 70-ից ավելի հասցեներում՝ Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող ընկերություններում, իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ: Ծառուկյանը ձերբակալվել է: Հուլիսի 7-ի վաղ առավոտից Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացել է Ծառուկյանի խափանման միջոցի քննությունը: Օրվա ավարտին հայտնի է դարձել, որ նա 2 ամսով կալանավորվել է: