
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հաստատել է, որ գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, հայտնում է Factor.am-ը:
«Այո՛, հաստատում եմ։ Այդ շինությունը կառուցված է եղել համայնքային տարածքի վրա՝ 60-րդ հոդվածի անօտարելի հողի վրա, կառուցված է խախտումներով։ Համապատասխանաբար, պայմանագրի համաձայն՝ կողմերից մեկը՝ Երևանի քաղաքապետարանը, խզել է պայմանագիրը, և շենքն ամբողջությամբ անցել է Երևանի քաղաքապետարանին։ Դրա վերաբերյալ հետագա հայտարարություններ անպայման կլինեն», ասել է Ավինյանը։
Նրա խոսքով՝ արձանագրված խախտումների մասին հայտնի է եղել դեռևս մոտ մեկ տարի առաջ։
«Խախտումներն արձանագրվել են դեռևս, եթե չեմ սխալվում, մեկ տարի առաջ։ Տարբեր քննարկումներ ենք ունեցել իրենց հետ, սակայն լուծումներ այդպես էլ չեն գտնվել, և այդ լուծումները չգտնելուց հետո արդեն վերջնական որոշումներ են կայացվել»,- նշել է քաղաքապետը։
Հարցին, թե արդյոք որոշումը կապված է Գագիկ Ծառուկյանի շուրջ վերջին զարգացումների, ԱԱԾ գործողությունների և քրեական գործերի հետ, Ավինյանը պատասխանել է, որ կապ չունեն:
«Ո՛չ, կապ չունեն։ Կոնկրետ այս գործընթացը սկսել է շատ ավելի վաղ, և այս գործընթացը, անկախ որևէ այլ պրոցեսից, տեղի էր ունենալու»,-ասել է նա:
Քաղաքապետի խոսքով՝ շենքը նախատեսվում է օգտագործել որպես մարզման կենտրոն՝ պահպանելով նաև սոցիալական բաղադրիչը։
«Այդ շենքի հետ կապված մենք անպայման դեռ կանդրադառնանք հարցին։ Մենք այնտեղ ունենք մարզվողներ, որոնց իրավունքները, կարծում եմ, պետք է պաշտպանենք։ Կարծում եմ՝ այն շարունակելու է գործել որպես մարզման կենտրոն՝ որոշակի սոցիալական կոմպոնենտներ հաշվի առնելով»,- ասել է Ավինյանը։
Հարցին, թե արդյոք այն կարող է դառնալ համայնքային վճարովի մարզասրահ, քաղաքապետը պատասխանել է. «Այն դառնում է հենց համայնքային մարզասրահ՝ որոշակի սոցիալական կոմպոնենտներով»։
Անդրադառնալով Օղակաձև այգու այլ շինություններին, այդ թվում՝ Խաչատուր Սուքիասյանին պատկանող օբյեկտներին, և այն հարցին, թե ինչու դրանց նկատմամբ նույն գործընթացները չեն իրականացվում՝ Ավինյանը նշել է, որ սեփականատերերի ինքնությունը նշանակություն չունի։
«Կարծում եմ՝ վերջին չորս տարիների ընթացքում մենք ապացուցել ենք, որ որևէ մեկի անունը մեզ համար այս տեսակ հարցերում էական չէ։ Մեզ համար կարևոր չէ, թե ովքեր են տնօրինում նմանատիպ գույքերը։ Քանդում իրականացնելուց կամ բարեկարգում իրականացնելուց՝ լինի փոքր ավտոտնակ, թե մեծ շինություններ, մենք, անկեղծ ասած, չենք նայում, թե ովքեր են տիրապետողները»,- վստահեցրել է նա։
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը։ Հայցադիմումով, ի թիվս այլ գույքի, որպես ապօրինի ծագում ունեցող գույք պահանջվել է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել նաև «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերը։
Բացի այդ, հայցադիմումով պահանջվում է Գագիկ Կոլյայի Ծառուկյանից բռնագանձել՝ 75 անշարժ գույք և 10 գույքի շուկայական արժեք, որոնցից 57-ը գտնվում են Երևան քաղաքում, 42 տրանսպորտային միջոց, 38 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց թվում են՝ «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն, «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ն, «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն և այլ իրավաբանական անձինք, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ, որը ներառում է ապօրինի եկամտի մնացորդը և ծախսը, ինչպես նաև տրված փոխառությունները, զիջված պահանջի իրավունքը և 5 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք։