16 հուլիսի 2026 - 15:19 AMT
ՌԴ ԱԳՆ․ Մոսկվան պատրաստ է աջակցել ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը

Մոսկվան պատրաստ է աջակցել ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների լիարժեք կարգավորմանը, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի՝ Ռուսաստան պաշտոնական այցից առաջ։

Նշվում է, որ ՌԴ համար կարևոր են խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ պատրաստ ենք ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքման, սահմանի սահմանազատման և հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերում»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Ռուսաստանը սպասում է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը համաձայնեցնեն «3+3» հարթակի անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հաջորդ հանդիպումների անցկացման հերթականությունը։