
Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը՝ ԳՐԵԿՈ-ն, հրապարակել է Հայաստանի վերաբերյալ «Կոռուպցիայի կանխարգելումը և բարեվարքության խթանումը իշխանության կենտրոնական մարմիններում (բարձրագույն գործադիր մարմիններում և իրավապահ մարմիններում)» թեմայով Համապատասխանության նոր զեկույցը։
Փաստաթուղթը, որն ընդունվել է ԳՐԵԿՈ-ի հունիսին կայացած 103-րդ լիագումար նիստում՝ Հայաստանի պատվիրակության մասնակցությամբ, ցույց է տվել, որ 22 հանձնարարականից միայն 6-ն են «բավարար չափով» իրականացվել վերջին 18 ամիսների ընթացքում, հայտնում է Factor.am-ը:
Զեկույցի համաձայն՝ 15 հանձնարարական գնահատվել է որպես «մասնակի կատարված», իսկ մեկը՝ «ընդհանրապես չկատարված»։ Միակ ամբողջությամբ չկատարված հանձնարարականը վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին ազդարարների պաշտպանության գործառույթն իրականացնելու համար անհրաժեշտ ռեսուրսների տրամադրմանը։
«ԳՐԵԿՈ-ն գնահատման ընդհանուր արդյունքը չի դասակարգում որպես «հաջողություն» կամ «ձախողում»։ Համապատասխանության ընթացակարգի համատեքստում նրա դերն է կետ առ կետ (հանձնարարական առ հանձնարարական) գնահատել՝ արդյոք գնահատվող պետության ձեռնարկած միջոցները համապատասխանում են յուրաքանչյուր հանձնարարականի նպատակներին և Եվրոպայի խորհրդի համապատասխան չափանիշներին»,- հայտնել են ԳՐԵԿՈ-ի քարտուղարությունից՝ պատասխանելով Հայաստանի առաջընթացը գնահատելու հարցին։
Հանձնարարականների կեսը վերաբերում է բարձրաստիճան պաշտոնյաներին, իսկ մյուս կեսը՝ ոստիկանությանը։ Զեկույցում նշվել է, որ այս երկու ուղղություններով արդյունքները տարբեր են։
Բարձրագույն գործադիր մարմինների մասով 11 հանձնարարականից միայն մեկն է համարվել «բավարար չափով» կատարված։ Այն վերաբերում է չվարձատրվող խորհրդականների կարգավիճակին, որոնց նկատմամբ այժմ կիրառվում են վարքագծի կանոնները, շահերի բախման կանխարգելման և գույքի հայտարարագրման պահանջները՝ մյուս պաշտոնատար անձանց հետ նույն չափանիշներով։
Միաժամանակ ոստիկանության ոլորտում, ըստ զեկույցի, արձանագրվել է «իմաստալից առաջընթաց»։ Այստեղ 11 հանձնարարականից 5-ը գնահատվել են որպես «բավարար չափով» կատարված՝ թափանցիկության, հակակոռուպցիոն ծրագրի, ոստիկանների վերապատրաստման, վարքագծի կանոնագրքի և խախտումների անկախ քննության ուղղություններով։
ԳՐԵԿՈ-ն 15 հանձնարարական դասակարգել է «մասնակի կատարված» խմբում՝ նշելով, որ բարեփոխումների մեծ մասը դեռևս գտնվում է օրենսդրական նախագծերի կամ նախապատրաստական փուլում։
Կենտրոնական իշխանության մակարդակում դեռևս չեն ավարտվել պաշտոնատար անձանց ռիսկերի գնահատման, լոբբիստական կապերի հրապարակայնացման, պաշտոնից հետո զբաղվածության սահմանափակումների խստացման և կարգապահական պատասխանատվության ներդրման վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները։ Նույն իրավիճակն է տեղեկատվության մատչելիության, արարողակարգային գնումների և քաղաքացիական հասարակության մասնակցության ոլորտներում, որտեղ մշակվել են նոր հայեցակարգեր և կառույցներ, սակայն դրանք դեռևս չեն ստացել վերջնական իրավական ամրագրում։
Զեկույցում նաև նշվել է, որ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց պատասխանատվության և խախտումների համար նախատեսվող պատժամիջոցների վերաբերյալ կարգավորումները դեռևս ամբողջությամբ չեն ընդունվել, ինչի հետևանքով պահպանվում է օրենսդրական բաց։ Բացի այդ, կարգապահական պատասխանատվության մեխանիզմները, ըստ ԳՐԵԿՈ-ի, պետք է տարածվեն նաև վարչապետի վրա, մինչդեռ առաջարկվող փոփոխությունները դա չեն նախատեսում։ Միաժամանակ ընդգծվել է, որ պատժամիջոցներ կիրառելու իրավասությունը չպետք է վերապահվի բացառապես վերադասին, այլ պետք է ապահովվի անկախ և օբյեկտիվ մեխանիզմ։
Ոստիկանության ոլորտում «մասնակի կատարված» են գնահատվել ևս հինգ հանձնարարական։ Դրանք վերաբերում են ղեկավար պաշտոններում կանանց ներկայացվածությանը, բարեվարքության ստուգումների կայուն համակարգի բացակայությանը, պաշտոնաթողությունից հետո աշխատանքի սահմանափակումների մասին օրենքի չընդունմանը, Ներքին անվտանգության վարչության սահմանափակ մարդկային և նյութական ռեսուրսներին, ինչպես նաև ազդարարների պաշտպանության մեխանիզմների թերի բարեփոխմանը։
Որպես ամբողջությամբ չկատարված առանձնացվել է միայն ազդարարների պաշտպանության հարցում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի դերին վերաբերող հանձնարարականը։ Գործող օրենսդրությամբ ՄԻՊ-ն իրավասու է ազդարարներին տրամադրել գաղտնի խորհրդատվություն և իրավական աջակցություն, իրականացնել պաշտպանական կամ վերականգնողական միջոցառումներ և վերահսկել պաշտպանության համակարգի կիրառումը, սակայն զեկույցի հեղինակները գտել են, որ առանց բավարար ֆինանսական և ինստիտուցիոնալ ռեսուրսների այդ գործառույթները չեն կարող արդյունավետ իրականացվել։
«ԳՐԵԿՈ-ն ազդարարների արդյունավետ պաշտպանությունը համարում է կոռուպցիայի կանխարգելման կարևոր տարր։ Սա պահանջում է ոչ միայն հստակ իրավական ու գործառնական մեխանիզմներ, այլև բավարար կարողություններով օժտված հաստատություններ՝ օրենքով իրենց վերապահված պարտականությունները կատարելու համար։ Գնահատման պահին ԳՐԵԿՈ-ն եզրակացրել էր, որ Օմբուդսմենի աշխատակազմին չեն տրամադրվել բավարար ինստիտուցիոնալ կարողություններ՝ այդ պարտականություններն արդյունավետորեն իրականացնելու համար՝ մասնավորապես նշելով, որ ազդարարման հարցերով զբաղվելու համար նշանակվել է ընդամենը մեկ աշխատակից։ Սա հիմք է հանդիսացել հանձնարարականը որպես չկատարված գնահատելու համար»,- պարզաբանել են ԳՐԵԿՈ-ի քարտուղարությունից Factor TV-ին։
Միևնույն ժամանակ ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել այն, որ Հայաստանը ուշադրություն է դարձրել գործադիր իշխանության բարձրագույն մարմիններին վերաբերող բոլոր հանձնարարականներին և առանձնացրել է իրավապահ մարմիններում արձանագրված նշանակալի առաջընթացը։
Գնահատման հաջորդ փուլը կշարունակվի և մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանը պետք է ներկայացնի լրացուցիչ տեղեկություններ դեռևս չկատարված հանձնարարականների իրականացման վերաբերյալ։