
Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի վերաբերյալ նոր քրեական վարույթ է ուղարկվել Հակակոռուպցիոն դատարան։ Այդ մասին տեղեկությունը հրապարակվել է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում, հայտնում է Factor.am-ը:
Ըստ մեղադրանքի՝ Մամիկոն Ասլանյանը, 2016-2021 թվականներին զբաղեցնելով Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը և հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական ու վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով կատարել է պաշտոնեական կեղծիք, ինչպես նաև պաշտոնեական դիրքն օգտագործել ծառայության շահերին հակառակ և դիտավորյալ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, ինչի հետևանքով, ըստ մեղադրանքի, էական վնաս է պատճառվել համայնքի օրինական շահերին։
Ասլանյանի նկատմամբ որպես խափանման միջոցներ կիրառվել են բացակայելու արգելքը և գրավը։
Գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանին։
Հակակոռուպցիոն դատարանում Մամիկոն Ասլանյանի վերաբերյալ արդեն քննվել է ևս մեկ քրեական գործ, որը վերաբերում է նրա՝ Վանաձորի համայնքապետի պաշտոնավարման ընթացքում ենթադրյալ չարաշահումներին։ Այդ գործով Ասլանյանը առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել, սակայն դատավճիռը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել։