
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը (USCIB) նախատեսում է գործարար պատվիրակություն ուղարկել Հայաստան՝ Երևանում անցկացվելիք COP17 համաժողովին մասնակցելու նպատակով։ Այդ հարցը քննարկվել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանի և USCIB-ի ղեկավարության հանդիպման ընթացքում, որի օրակարգում ընդգրկվել են նաև կայուն զարգացման, ներդրումային համագործակցության և մասնավոր հատվածի ներգրավման թեմաները։
Մկրտչյանը հանդիպում է ունեցել Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհրդի (USCIB) Գլոբալ ազդեցության նախաձեռնությունների ավագ փոխնախագահ Քրիստեն Քաուֆմանի և Շրջակա միջավայրի և կայուն զարգացման ավագ տնօրեն Ագնես Վինբլադի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և USCIB-ի միջև համագործակցության հնարավորությունները՝ մասնավորապես կայուն զարգացման, այդ ուղղությամբ քաղաքականությունների մշակման, մասնավոր հատվածի ներգրավման և միջազգային գործընկերությունների ընդլայնման ուղղություններով։
Հանդիպման շրջանակում դեսպան Մկրտչյանը ներկայացրել է նաև Հայաստանի կառավարության կողմից իրականացվող տնտեսական բարեփոխումները, ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը, ինչպես նաև ընդգծել միջազգային գործարար շրջանակների հետ համագործակցության խորացման կարևորությունը»,- ասված է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածած հաղրդագրությունում։
2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) կանցկացվի Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնում: