
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատում» հանվել են կապարակնիքները, և ներկայում այնտեղ իրականացվում են ստուգումներ: Այդ մասին հայտնել է Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը, տեղեկացնում է Aysor.am-ը:
«Քննչական մարմինները ՊԵԿ աշխատակիցների մասնակցությամբ ստուգումներ են իրականացնում: Ենթադրում եմ, որ ապրանքային մնացորդի ստուգումներ են կատարում»,- փոխանցել է Խաչատրյանը։
Փաստաբանի խոսքով՝ առայժմ հայտնի չէ, թե երբ կավարտվեն կոմբինատում իրականացվող ստուգումները։
«Միգուցե այդ ստուգումները 1-2 օր տևեն: Հույս ունեմ, որ ստուգումներից հետո անհրաժեշտություն չի լինի գործարանը կապարակնքելու»,- հավելել է նա։
Հուլիսի 6-ին մոտ 12 ժամ Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ էին իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և նրա հետ փոխկապակցված ավելի քան 70 այլ հասցեներում, որից հետո «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված մի շարք ընկերություններ, այդ թվում՝ «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը, կապարակնքվել էին։
Վերջին օրերին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող մի շարք ընկերությունների աշխատակիցները միաժամանակյա ակցիաներ են անցկացրել ձեռնարկությունների տարածքներում՝ պահանջելով բացել գործարանների կապարակնիքները և հնարավորություն տալ շարունակել աշխատանքը։