17 հուլիսի 2026 - 13:38 AMT
Արշակյան. Cadence-ն ինժեներական թիմ ունի Հայաստանում

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտնել է, որ միկրոէլեկտրոնիկայի ոլորտում կարևոր դրական զարգացումներ են արձանագրվել։ Նա հայտնել է, որ վերջերս կիսահաղորդչային նախագծման հսկաներից՝ Cadence Design Systems ընկերության կողմից Ausdia Inc. ընկերության ձեռքբերման արդյունքում այժմ Cadence-ն ինժեներական թիմ ունի Հայաստանում։

Նա հավելել է, որ դա միանշանակ ամրապնդում է մեր երկրի դիրքերը համաշխարհային կիսահաղորդչային արդյունաբերության քարտեզում։

«Այսօր Հայաստանում գործում են միկրոէլեկտրոնիկայի բնագավառում աշխարհի առաջատար ընկերությունների ինժեներական թիմեր և ստորաբաժանումներ, այդ թվում՝ Synopsys, Siemens EDA, Cadence Design Systems, NVIDIA, AMD, Microchip Technology, National Instruments (Emerson), Broadcom և Cisco։

Միևնույն ժամանակ, հայկական նորարարական ընկերությունները՝ Grovf, Integral Solutions, Varaga Solutions LLC և այլ ընկերություններն իրենց ներդրումն են ունենում էկոհամակարգի զարգացման գործում՝ ընդլայնելով տեղական տեխնոլոգիական կարողությունները և ստեղծելով նոր հնարավորություններ նորարարության ու ձեռներեցության համար։

3 միլիոն բնակչություն ունեցող երկրի համար սա համաշխարհային կիսահաղորդչային արդյունաբերության առաջատար ընկերությունների բացառիկ կենտրոնացում է։

Յուրաքանչյուր նոր ներդրում ոչ միայն նոր հնարավորություններ է ստեղծում հայ ինժեներների համար, այլև վկայում է Հայաստանի նկատմամբ միջազգային տեխնոլոգիական ընկերությունների աճող վստահության մասին։

Շնորհավորում եմ Ausdia Inc.-ի թիմին և բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեն Հայաստանի միկրոէլեկտրոնիկայի էկոհամակարգի շարունակական զարգացման գործում։

Վստահ եմ, որ այս հաջողությունները շարունակական են լինելու, և Հայաստանը կշարունակի ամրապնդել իր դիրքը՝ որպես բարձր տեխնոլոգիաների և կիսահաղորդչային արդյունաբերության կարևոր կենտրոն»,- գրել է նա։