
«Հայաստան» դաշինքը պատգամավորական մանդատները կստանձնի նախընտրական ցուցակի հերթական համարներին համապատասխան։ Այդ մասին հայտնել է «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Ագնեսա Խամոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք արդեն հայտնի է, թե ինչ կազմով է դաշինքը ներկայացված լինելու Ազգային ժողովում, տեղեկացնում է Sputnik Արմենիան:
«Մանդատները կվերցնենք ըստ հերթական համարների, բացի ՀՀ 2–րդ նախագահից»,– ասել է Խամոյանը։
9-րդ գումարման Ազգային ժողովում դաշինքը կունենա 12 մանդատ, և քանի որ Ռոբերտ Քոչարյանը չի ստանձնի պատգամավորական մանդատը, ցուցակի հերթական համարով պատգամավոր կդառնա Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։
«Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի համաձայն Ազգային ժողով կանցնեն՝ Իշխան Սաղաթելյանը, Աննա Գրիգորյանը, Սևակ Խաչատրյանը, Արթուր Խաչատրյանը, Քրիստինե Վարդանյանը, Աղվան Վարդանյանը, Գեղամ Մանուկյանը, Ագնեսա Խամոյանը, Լևոն Քոչարյանը, Արթուր Սարգսյանը, Լիլիթ Գալստյանը, Մեսրոպ Մանուկյանը։
ԿԸՀ-ի վերջնական տվյալներով՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։
Հունիսի 19-ին յոթ քաղաքական ուժ դիմել է Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։ Հուլիսի 4-ին Սահմանադրական դատարանը ԿԸՀ-ի որոշումը թողել է ուժի մեջ։