17 հուլիսի 2026 - 17:32 AMT
«Մուլտի սթոունի» աշխատակից․ Քրիստոսի արձանի շինարարությունը կանգնել է

ԲՀԿ առաջնորդ և գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի սթոուն» ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչության շենքի մոտ։

Աշխատակիցներից մեկը բողոքի ակցիայի ընթացքում հայտարարել է, որ գործարանի գործունեության դադարեցման հետևանքով ծանր սոցիալական իրավիճակում են հայտնվել աշխատակիցները, իսկ Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությունը կանգ է առել, հայտնում է Auroranews.am-ը:

«Արդեն ամսի 17-ն է, կոմունալ վճարումների ժամանակը եկավ, վարկերը, վարձերը՝ մի կողմից: Մեկը՝ ես, հաշմանդամություն ունեցող մայր ունեմ ու մնացածներն էլ, ամեն մեկն իր հոգսն ու ցավն ունի: Մենք վաղուց պետք է մեր աշխատավարձերը ստացած լինեինք, մեր հարցերը կարգավորեինք, բայց մինչև հիմա կոտրած տաշտակի առաջ ենք:

Ոչ մեկը չկա, որ մեր հարցերին պատասխանի, մեզ մի լուծում առաջարկի այս հարցի շուրջ, իմանանք՝ փակվում է, փակվում է, արդեն ուրիշ տեղ գործ ման գանք, չի փակվում՝ թող մի օր ասեն, իմանանք, որ այդ օրը բացվում է, մենք էլ կարողանանք մեր հարցերը կարգավորենք: Հիմա մեր աշխատավարձը մենք ումի՞ց ուզենք»,-նշել է քաղաքացին:

Աշխատակիցը նշել է, որ անորոշ իրավիճակում է նաև ընկերության ղեկավարությունը, որը ևս չի կարողանում հստակ պատասխան տալ աշխատակիցներին։

«Հիսուս Քրիստոսի արձանը պետք է կառուցեն, մարդը բարեգործություն է անում, բայց դա էլ մեզնից կախված է, որովհետև մեր գործարանից էր քարերը գնում: Այն, որ կարող էր մեր երկիրը ծաղկել զբոսաշրջության առումով, հիմա կանգնած է։ Ամբողջը շղթայական գնում է»,-ասել է «Մուլտի սթոունի» աշխատակիցը։

Ակցիայի մասնակիցները պահանջել են, որպեսզի գործով քննիչ Վազգեն Բադալյանը հանդիպի իրենց և պարզաբանի, թե ինչ ճակատագիր է սպասվում ձեռնարկությանը, հայտնում է Sputnik Արմենիան:

«Էս մարդիկ իրենց աշխատավարձն են ուզում։ Արդեն հացի խնդիր ունենք։ Բադալյանն է կապարակնքել դռները, հիմա պահանջում ենք, որ իջնի, խոսի մեզ հետ»,- ասել է աշխատակիցներից մեկը։

Աշխատակիցները ոստիկանության ծառայողներին խնդրել են թույլ տալ մուտք գործել Քննչական կոմիտեի շենք, որտեղ տեղակայված են նաև ոստիկանությունն ու միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, սակայն նրանց թույլ չի տրվել ներս մտնել։ Մի քանի փորձից հետո աշխատակիցներից մեկին հաջողվել է հեռախոսով կապ հաստատել քննիչի հետ։

Երբ քննիչը հասկացել է, որ զրույցը տեղի է ունենում բարձրախոսով, նշել է, որ նման ձևաչափով խոսել նպատակահարմար չի համարում, հրաժարվել է իջնել և հանդիպել բողոքի ակցիայի մասնակիցներին, ապա անջատել է հեռախոսը։

«Մեզ ոչ մեկ, ոնց հասկանում եմ, բանի տեղ չի դնում, շարքային քաղաքացին ու՞մ է պետք․․․ Մարդիկ ախր ուրիշ բան չեն ուզում, ուզում են իրենց արդար քրտինքով աշխատածը ստանալ»,- զրույցից հետո ասել է «Մուլտի սթոունի» աշխատակիցը։

Հուլիսի 6-ի վաղ առավոտից ԱԱԾ, ՊԵԿ, ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները 70-ից ավելի հասցեներում՝ Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող ընկերություններում, իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ: Ծառուկյանը ձերբակալվել է: Հուլիսի 7-ի վաղ առավոտից Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացել է Ծառուկյանի խափանման միջոցի քննությունը: Օրվա ավարտին հայտնի է դարձել, որ նա 2 ամսով կալանավորվել է: