17 հուլիսի 2026 - 17:47 AMT
ՀՎԿԱԿ․ էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը մնում է ցածր

Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Ըստ հուլիսի 17-ի՝ ժամը 09:00-ի դրությամբ աշխարհում էբոլայի համաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ տվյալների, Ուգանդայում վերջին հաստատված հիվանդը դուրս է գրվել հիվանդանոցից։

Երկիրը սկսել է ԱՀԿ-ի կողմից սահմանված 42-օրյա հետհաշվարկը, որի ընթացքում նոր դեպքերի բացակայության դեպքում բռնկումը կհամարվի ավարտված։ Միաժամանակ պահպանվում է ուժեղացված համաճարակաբանական հսկողությունը։

Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում շարունակում է արձանագրվել էբոլայի բռնկումը․ գրանցվել է 2073 հաստատված դեպք և 796 մահվան դեպք։

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) գնահատմամբ՝ Եվրոպական միությունում և Եվրոպական տնտեսական գոտում վարակման ռիսկը շարունակում է մնալ շատ ցածր։

Ներկայումս ԱՀԿ-ի կողմից հաստատված բուժում և լիցենզավորված պատվաստանյութ Բունդիբուգյո շտամով պայմանավորված էբոլայի դեմ դեռևս չկա։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը շարունակում է մշտադիտարկել միջազգային համաճարակաբանական իրավիճակը և համագործակցել միջազգային գործընկերների հետ։