17 հուլիսի 2026 - 18:35 AMT
Հրայր Թովմասյանը դիմել է ՄԻԵԴ

Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Հրայր Թովմասյանը Հայաստանի դեմ գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այդ մասին հայտնել է Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանը, գրում է Factor.am-ը:

Հրայր Թովմասյանի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը 2026 թվականի փետրվարին մտել է օրինական ուժի մեջ, ինչից հետո դադարեցվել է նրա՝ Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակը։ Դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո չորս ամսվա ընթացքում նա իրավունք ուներ դիմելու ՄԻԵԴ, և այդ իրավունքն օգտագործել է։

Հրայր Թովմասյանը 2024 թվականի սեպտեմբերին մեղավոր էր ճանաչվել արդարադատության նախարարի պաշտոնում գտնվելու ընթացքում պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար։ Նա չի ընդունել մեղադրանքը և բազմիցս հայտարարել է, որ իր նկատմամբ իրականացվել է քաղաքական դրդապատճառներով պայմանավորված քրեական հետապնդում։

Ըստ քրեական գործի նյութերի՝ 2012-2013 թվականներին Հրայր Թովմասյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը և գործելով ծառայության շահերին հակառակ, Բաղրամյան 1 հասցեում գտնվող նոտարական տարածքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու նպատակով, իր հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող Նորայր Փանոսյանի հետ հանցակցությամբ, օգտագործել է նոտարների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորությունները։ Ըստ մեղադրանքի՝ նա մասնագիտական գործունեությանը միջամտելու և աշխատանքից ազատելու սպառնալիքով խոչընդոտել է նոտարների կողմից նոտարական տարածքի անհատույց օգտագործման իրավունքը դատական կարգով իրացնելու գործընթացին։

Գործի համաձայն՝ նոտարական տարածքի նկատմամբ իր փաստացի տիրապետման, տնօրինման և օգտագործման իրավունքը քողարկելու նպատակով Թովմասյանը այն ձևակերպել է այլ անձի անունով, այնուհետև, ըստ մեղադրանքի, օգտագործելով երկու նոտարների կախյալ վիճակը, 2013 թվականի հոկտեմբերին նրանց հետ ձեռք է բերել ակնհայտ ոչ շահավետ պայմաններով տարածքը վարձակալությամբ հանձնելու պայմանավորվածություն։

Թովմասյանի գործի քննությունն առաջին ատյանի դատարանում տևել է մի քանի տարի։ Նա պարբերաբար հայտարարել է, որ գործում չկա որևէ ապացույց կամ ցուցմունք, որը կհաստատի իր առնչությունը նոտարական տարածքին։ Բացի այդ, նա պնդել է, որ իր դեմ սկսված գործընթացի նպատակը եղել է իրեն Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից հեռացնելը, և մինչև քրեական հետապնդում հարուցելը իրեն բազմիցս առաջարկվել է հրաժարական տալ։

Մեղադրական դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո Թովմասյանը զրկվել է նաև Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակից։ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի համաձայն՝ ՍԴ դատավորի լիազորությունները դադարում են, եթե նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հիմքով։