
Թուրքիայի առևտրի նախարարությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում կատարել է կարևոր տեխնիկական փոփոխություն մաքսային համակարգում։
«Սաբահ» պարբերականի լրագրող Բարիս Շիմշեքի (Baris Simsek) փոխանցմամբ՝ մաքսային հայտարարագրերում այսուհետ հնարավոր կլինի անմիջապես կիրառել Հայաստանի պաշտոնական «077» կոդը՝ երրորդ երկրների միջոցով իրականացվող ներմուծման, արտահանման և տարանցիկ բեռնափոխադրումների ձևակերպման ժամանակ, գրում է Radar Armenia-ն:
Նշվում է, որ փոփոխությունն արդեն ներառվել է նաև BİLGE մաքսային հաշվառման համակարգում։ Բարիս Շիմշեքի տեղեկություններով՝ Թուրքիան և Հայաստանը շարունակում են քայլեր կատարել երկկողմ առևտրային համագործակցության ակտիվացման ուղղությամբ, ինչի վկայությունն է նաև մայիսին ստորագրված՝ Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնմանը վերաբերող հուշագիրը։
Ներկայում երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը գնահատվում է մոտ 335-350 միլիոն դոլար, սակայն կողմերը նպատակ են դրել կարճ ժամանակում այն հասցնել 1 միլիարդ դոլարի։