
Մանչեսթերի նախկին քաղաքապետ Էնդի Բերնհեմը հուլիսի 17-ին ընտրվել է Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության նոր առաջնորդ։ Նրա թեկնածությանը աջակցել է Համայնքների պալատի լեյբորիստ պատգամավորների ճնշող մեծամասնությունը՝ 403-ից 379-ը։ Դա նշանակում է, որ հուլիսի 20-ին, Չարլզ III թագավորի պաշտոնական հաստատումից հետո, Բերնհեմը կստանձնի Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը՝ փոխարինելով Քիր Սթարմերին։
«Մարդիկ և տեղական համայնքները չափազանց երկար են սպասել, մինչև քաղաքական գործիչները նրանց հնարավորություն տան կրկին հույս ձեռք բերելու… Մենք կվերադարձնենք այդ հույսը», - հայտարարել է նոր առաջնորդը կուսակցության հատուկ համագումարի ընթացքում, հայտնում է Deutsche Welle-н:
Բերնհեմը նշել է, որ վերջին չորս տասնամյակները՝ սկսած 1980-ականներից, բարենպաստ չեն եղել ոչ Լեյբորիստական կուսակցության ակունքներում կանգնած համայնքների, ոչ էլ Մեծ Բրիտանիայի գյուղական և առափնյա բնակավայրերի համար։
«Այդ պատճառով այսօր մենք նրանց խոստանում ենք ավելի լավ ապագա։ Եթե ցանկանում ենք, որ տնտեսությունն ու երկիրը ծառայեն բոլոր մարդկանց և տեղական համայնքների շահերին, ապա անհրաժեշտ է ընտրել նոր ուղի, որը կտարբերվի վերջին 40 տարիներին անցած ճանապարհից», - ասել է նա։
Բերնհեմը դեռ հուլիսի 13-ի երեկոյան ապահովել էր իր հաղթանակը կուսակցության ղեկավարի ընտրություններում՝ ստանալով անհրաժեշտ թվով լեյբորիստ պատգամավորների աջակցությունը։
Երեք անգամ անընդմեջ ընտրվելով Մեծ Մանչեսթերի քաղաքապետ՝ Բերնհեմը ստացել է «Հյուսիսի արքա» մականունը։ Նրա գլխավոր ձեռքբերումներից են համարվում հասարակական տրանսպորտի զարգացումը՝ միաժամանակ պահպանելով մատչելի սակագները։ Նրա առաջնահերթությունների շարքում են նաև բնակարանային քաղաքականությունն ու առողջապահությունը։
Հունիսի վերջին Բերնհեմը դարձել է Համայնքների պալատի պատգամավոր, որպեսզի կարողանա հավակնել Լեյբորիստական կուսակցության ղեկավարի և վարչապետի պաշտոններին։ Անգլիայի հյուսիսում գտնվող Մեյքերֆիլդ ընտրատարածքում անցկացված լրացուցիչ ընտրություններում նա վստահ հաղթանակ է տարել՝ առաջ անցնելով վերջին շրջանում ժողովրդականություն վայելող աջ պոպուլիստական Reform UK կուսակցության թեկնածուից։
BBC-ին տված վերջին հարցազրույցում Բերնհեմն իր քաղաքական հայացքները բնութագրել է այսպես. «Ես սոցիալիզմի կողմնակից եմ, որը կենտրոնացած է տնտեսության շահերի վրա»։ Նա քննադատել է «Բրեքսիթը», իսկ COVID-19 համավարակի ընթացքում նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնից պահանջել է ավելի մեծ աջակցություն տրամադրել լոքդաուններից տուժածներին։ Բացի այդ, Բերնհեմը քննադատել է նաև իր կուսակից Քիր Սթարմերին՝ սոցիալական վճարումները կրճատելու համար։