
Կառավարությունը հաստատել է Հայաստանից Եվրոպական միության երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման համար անհրաժեշտ TRACES համակարգում գրանցման կարգը։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ)՝ ներկայացնելով նաև, թե ինչ նշանակություն ունի այդ ընթացակարգը։
Նշվում է, որ TRACES (Առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգ) գրանցումը այժմ անժամկետ է։
Ինչպե՞ս գրանցվել.
Անհրաժեշտ է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին (ՍԱՏՄ) ներկայացնել դիմում և պահանջվող փաստաթղթերի փաթեթը (էլեկտրոնային՝ snund@ssfs.am կամ ssfs@ssfs.am հասցեներով, կամ թղթային տարբերակով)։
Գործընթացը
Փաստաթղթերի ուսումնասիրություն (մինչև 5 աշխատանքային օր)։
Ստուգում և նմուշառում տնտեսավարողի մոտ (10-15 աշխատանքային օր)՝ ԵՄ և ՀՀ պահանջներին համապատասխանությունը պարզելու համար։
Գրանցում
Համապատասխանության դեպքում տվյալները ներկայացվում են Եվրոպական հանձնաժողովի հաստատմանը, որից հետո տրամադրվում է գրանցման համարը։
Մանրամասներին և փաստաթղթերի ցանկին կարելի է ծանոթանալ ՍԱՏՄ-ի պաշտոնական կայքում։
ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը հայտարարել է, որ ՀՀ ձկնաբուծության ոլորտի 97 տոկոսը պատրաստ է ԵՄ արտահանման: Հայաստանից Եվրամիության երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու նպատակով արդեն մեկ կազմակերպություն պաշտոնապես գրավոր հայտ է ներկայացրել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին:
Հուլիսի 20-ին Հայաստան կժամանեն Եվրամիության անդամ երկրների չորս փորձագետներ, որոնք առաջին արտահանման խմբաքանակի ձևակերպման ընթացքում տեղում կհետևեն ընթացակարգերի կատարմանը և կներկայացնեն անհրաժեշտ տեխնիկական պահանջները։