20 հուլիսի 2026 - 10:40 AMT
ԵԱՏՄ-ում մեկնարկել է IMEI կոդերի ստուգման համակարգի ներդրումը

Եվրասիական տնտեսական միությունում սկսվել է ներմուծվող բջջային հեռախոսների IMEI կոդերի ստուգման համակարգի ներդրման գործընթացը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ Եվրասիական միության գործադիր մարմնի, վերջերս ընդունած որոշման համաձայն՝ այս փուլում IMEI կոդերի ստուգումը ԵԱՏՄ իրավական դաշտում նախատեսվում է միայն Ղազախստանի և Ղրղզստանի համար։ Այն կիրառվելու է ինչպես այն դեպքերում, երբ սպառողները հեռախոսներն ինքնուրույն են ներմուծել, այնպես էլ էլեկտրոնային առևտրի միջոցով կատարված պատվերների դեպքում՝ անկախ նրանից՝ դրանք պատվիրվել են անմիջապես արտասահմանյան առցանց հարթակներից, թե ԵԱՏՄ տարածքում գտնվող պահեստներից, հայտնում է Sputnik Արմենիան:

Այս պահանջները կսկսեն գործել ԵԱՏՄ մաքսային օրենսգրքում համապատասխան փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո։

«Հաշվի առնելով ԵԱՏՄ տարածք ներմուծվող բջջային կապի բաժանորդային սարքերի (այսինքն հեռախոսների և պլանշետների) գրանցման և ստուգման անհրաժեշտության միտումները՝ կարծում ենք, որ IMEI կոդերի նշման անհրաժեշտությունը ժամանակի ընթացքում կտարածվի նաև ԵԱՏՄ մյուս երկրների վրա», - հայտնել են ԵԱՏՄ մաքսային օրենսդրության և իրավակիրառական պրակտիկայի բաժնից։

ԵԱՏՄ մակարդակով IMEI կոդերի ստուգման պրակտիկան առայժմ ամրագրվել է միայն Ղազախստանի և Ղրղզստանի համար, քանի որ այդ երկրներում այն արդեն կիրառվել է ազգային մակարդակով։ Ղազախստանում գործընթացը կարգավորվել է թվային զարգացման, նորարարությունների և օդատիեզերական արդյունաբերության նախարարի հրամանով, իսկ Ղրղզստանում՝ կառավարության որոշմամբ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանում ևս ներդրվելու է բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների՝ IMEI կոդերի միասնական համակարգը։ Անհատների կամ ֆիզիկական անձանց կողմից բջջային հեռախոսների ներմուծման դեպքում 2027 թվականի հունվարի 1-ից կոդերը գրանցվելու են առցանց, ինչպես նաև սահմանվելու է պետական տուրք։

IMEI կոդերի ազգային գրանցման նախագիծն արդեն հաստատվել է Ռուսաստանում և իրականացվելու է փուլերով՝ 2027 թվականի մարտի 1-ից մինչև 2028 թվականի սեպտեմբերի 1-ը։ Այն բջջային հեռախոսները, որոնց IMEI կոդերը չեն մուտքագրվելու ազգային ռեեստրում, չեն կարողանալու աշխատել ռուսական բջջային ցանցերում։

Ղազախստանում երկիր առաջին անգամ ներմուծվող բոլոր սարքերի IMEI կոդերը պարտադիր ստուգվում են երկու նպատակով։ Նախ՝ IMEI կոդի հիման վրա ստուգվում է հեռախոսի իսկությունը՝ պարզելու համար՝ այն կեղծված է, թե ոչ։ Դրանից հետո IMEI կոդը ստուգվում է գողացված, արգելափակված կամ կորած սարքերի միջազգային տվյալների բազայում (GSMA)։ Միայն այն դեպքում, եթե հեռախոսը կամ պլանշետը «մաքուր» է և չի հայտնաբերվում այդ բազաներում, թույլատրվում է դրա օգտագործումը։ Հակառակ դեպքում սարքը ներառվում է «սև ցուցակում», և Ղազախստանի տարածքում այդպիսի սարքում հնարավոր չի լինելու օգտագործել SIM քարտեր։

Նմանատիպ կանոններ արդեն գործել են նաև Ղրղզստանում։ Ներմուծված հեռախոսների և պլանշետների IMEI կոդերը պետք է մուտքագրվեն տվյալների բազա։