
Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է Համաշխարհային ժառանգության կոմիտեի 48-րդ նստաշրջանին, որն անցկացվում է Կորեայի Հանրապետության Բուսան քաղաքում, հայտնում ՅՈւՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական պատվիրակությունից։
Ընդհանուր քննարկման ընթացքում ունեցած ելույթում ՅՈւՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը նշել է, որ Հայաստանը, առաջին անգամ լինելով Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ, պատրաստակամ է համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ 1972 թվականի կոնվենցիայի արդյունավետ կիրարկումն ամրապնդելու նպատակով։
Նա բարձր է գնահատել Համաշխարհային ժառանգության կենտրոնի ջանքերը՝ Համաշխարհային ժառանգության ցանկում թերներկայացված մասնակից պետություններին աջակցելու ուղղությամբ և կարևորել է նաև Կենտրոնի կարողությունների հետագա ամրապնդումը։
Անդրադառնալով Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին, որը Հայաստանը կհյուրընկալի 2026 թվականի հոկտեմբերին, Արամ Հակոբյանը բարձր է գնահատել Կենտրոնի դերակատարությունը կլիմայի և կենսաբազմազանության օրակարգում, հատկապես մշակութային և բնական ժառանգության պահպանության ու կենսաբազմազանության պաշտպանության միջև կապերի ամրապնդման գործում։
2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) կանցկացվի Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնում: