20 հուլիսի 2026 - 15:18 AMT
ՀՀ ԱՆ-ն քննարկում է ՌԴ քաղաքացի Երմակովի արտահանձնումը ԱՄՆ-ին

ՀՀ արդարադատության նախարարությունը քննարկում է Հայաստանում կալանավորված ՌԴ քաղաքացի Ալեքսանդր Երմակովին ԱՄՆ-ին արտահանձնելու հարցը։ Այս մասին հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան:

Ռուսաստանի քաղաքացի Ալեքսանդր Երմակովը Հայաստանում ձերբակալվել է օտարերկրյա իրավասու մարմինների դիմումի հիման վրա՝ համակարգչային խարդախությունների վերաբերյալ գործի քննության շրջանակում։ Նա պահվում է Վարդաշենի քրեակատարողական հիմնարկում։

«Արդարադատության նախարարությունը քննարկում է Ալեքսանդր Երմակովի արտահանձնման հարցը», – հայտարարել է նախարարությունը։

Ավելի վաղ մի շարք ռուսական Telegram-յան ալիքներ հայտնել էին, որ Օմսկի բնակիչը մի քանի շաբաթ է Հայաստանի կալանավայրերից մեկում է՝ Երևանի օդանավակայանում ձերբակալվելուց հետո։

Երմակովի հարազատներն ու փաստաբանը պնդում են, որ նրան շփոթել են մեկ այլ անձի հետ, որը ԱՄՆ-ի խնդրանքով Ինտերպոլի կողմից միջազգային հետախուզման մեջ գտնվող հաքեր է, և որի անունն ու ազգանունը համընկնում են նրա տվյալների հետ։

Միաժամանակ իրավապահ մարմինների աղբյուրը Sputnik Արմենիային հայտնել է, որ կալանավորված Երմակովի անձնական տվյալներն ամբողջությամբ համընկնում են հետախուզվող անձի վերաբերյալ տեղեկագրում նշված տվյալների հետ։