20 հուլիսի 2026 - 15:36 AMT
Haaretz․ Բաքվի ճնշմամբ Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը հանել է Քնեսեթի օրակարգից

Իսրայելի կառավարության կողմից հունիսին ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը չի ներկայացվել Քնեսեթի քվեարկությանը՝ Ադրբեջանի ճնշման պատճառով։ Այդ մասին, հղում անելով իսրայելական աղբյուրին, հայտնել է Haaretz-ը։

Պարբերականի աղբյուրի գնահատմամբ՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուն արգելափակել է արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի նախաձեռնած քվեարկությունն այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը կապ է հաստատել Իսրայելի վարչապետի գրասենյակի հետ, գրում է Factor.am-ը:

Haaretz-ի տեղեկություններով՝ դրանից հետո Իսրայելի կառավարությունն ադրբեջանական կողմին հայտնել է, որ հարցը հանվել է Քնեսեթի օրակարգից և, հետևաբար, չի ընդգրկվի ամառային արձակուրդներից առաջ անցկացվող քվեարկությունների ցանկում։

Պատասխանելով Haaretz-ի հարցմանը՝ Գիդեոն Սաարի գրասենյակը հերքել է, թե քվեարկությունը չեղարկվել է Նեթանյահուի միջամտության հետևանքով, սակայն չի պարզաբանել, թե ինչու այն չի ներկայացվել Քնեսեթին։

«Կա կառավարության որոշում [ցեղասպանությունը ճանաչելու], և այն հաստատվել է միաձայն։ Այն չի փոխվի, և սա կարևոր ու պատմական փաստ է»,- ասվում է Սաարի հայտարարությունում։

Հոդվածում, հղում անելով հարցին ծանոթ աղբյուրներին, նշվել է, որ Ադրբեջանի դիրքորոշումը փոխանցվել է իսրայելցի պաշտոնյաներին, ինչից հետո նախաձեռնությունը դադարեցվել և փաստացի «թաղվել» է։ Ըստ նույն աղբյուրի՝ նաև քայլեր են ձեռնարկվել՝ հետագայում առաջարկի վերակենդանացումը կանխելու նպատակով։

Haaretz-ը նաև նշել է, որ թեև հարցը չի ներկայացվել Քնեսեթի քվեարկությանը, անցյալ շաբաթ Ադրբեջանը ևս մեկ ազդանշան է ուղարկել, որը կարող է վկայել Իսրայելի հետ հարաբերությունների սառեցման մասին։ Մասնավորապես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Պաղեստինի վարչապետ Մոհամմադ Մուստաֆային։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ ընդգծվել է երկրի աջակցությունը Պաղեստինի պետության ստեղծմանը՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով։ Անգլերեն տարբերակում քաղաքը նշվել է «Ալ-Քուդս ալ-Շարիֆ» անվամբ, որը Երուսաղեմի ավանդական արաբերեն անվանումն է։ Նշվել է նաև, որ Ադրբեջանը շարունակում է աջակցել պաղեստինցիներին, այդ թվում՝ UNRWA-ի միջոցով, և նախատեսում է ավագ դպրոց կառուցել Արևմտյան ափին։

Պարբերականը հիշեցրել է, որ վերջին տարիներին Իսրայելը Բաքվին դիտարկել է որպես իր կարևորագույն գործընկերներից մեկը՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային մակարդակում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի ընթացքում Իսրայելը ռազմական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին՝ զենք մատակարարելով։ Ռազմական գործողությունների սկզբից հետո Haaretz-ը հայտնել էր Էյլաթի մերձակայքում գտնվող Օվդա ավիաբազա ադրբեջանական բեռնատար ինքնաթիռների թռիչքների աճի մասին։ 2023 թվականին պարբերականի հետաքննությունը բացահայտել էր, որ Ադրբեջանը Օվդայի միջոցով ներմուծում է իսրայելական սպառազինություն, իսկ CNN-ը հետագայում հայտնել էր, որ Իսրայելը վերջին պատերազմի ընթացքում հատուկ նշանակության ուժեր է ուղարկել Ադրբեջան՝ Իրանի դեմ գործողություններ իրականացնելու նպատակով։

Բենիամին Նեթանյահուի գրասենյակը և Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը չեն արձագանքել Haaretz-ի մեկնաբանության հարցմանը։

Պարբերականը նաև հիշեցրել է, որ անցյալ տարի Նեթանյահուն ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը պահպանողական ամերիկացի գործարար Պատրիկ Բեթ-Դեյվիդի հետ փոդքաստի ժամանակ։ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես չճանաչելու վերաբերյալ Բեթ-Դեյվիդի տարակուսանքին ի պատասխան՝ Նեթանյահուն ասել էր, որ «կարծում է, որ Քնեսեթը բանաձև է ընդունել այս հարցի վերաբերյալ»։

Իրականում, ինչպես նշում է Haaretz-ը, Քնեսեթը մինչ օրս պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, թեև 2011 թվականից սկսած այդ թեմայով մի շարք քննարկումներ է անցկացրել։

Հունիսին Ադրբեջանի կառավարությունը պաշտոնապես դատապարտել էր Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը և կոչ արել վերանայել այն։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ այդ ճանաչումը հավասարազոր է «1915 թվականի իրադարձությունների շուրջ պատմական փաստերի աղավաղման» և «բարդ պատմական հարցը վերածում է քաղաքական որոշման՝ առանց ամուր իրավական կամ գիտական հիմքի»։