
Գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով հրապարակայնորեն հայտնել իր դիրքորոշումը Ադրբեջանի կողմից առաջադրված մեղադրանքների վերաբերյալ` նշելով, որ «չարձագանքելը կնշանակի, որ համաձայն է առաջ քաշված կեղծ մեղադրանքներին», հայտնում է «Փաստինֆոն»:
«Խոսքս ուղղում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանին։ Մեզ առաջադրված կեղծ մեղադրանքներից մեկը՝ այդ երկրի Քրեական օրենսգրքի 100.1 և 100.2 հոդվածների համաձայն, վերաբերում է 2020 թվականի սեպտեմբերին ագրեսիվ պատերազմի պլանավորմանն ու նախապատրաստմանը։ Չնայած մեր ներկայացրած բոլոր անհերքելի ապացույցներին, քանի որ դուք եղել եք ՀՀ վարչապետն ու գերագույն հրամանատարը, հորդորում եմ կոնկրետ այդ մեղադրանքների վերաբերյալ ներկայացնել ձեր դիրքորոշումը։ Չարձագանքելը կնշանակի, որ համաձայն եք առաջ քաշված կեղծ մեղադրանքներին՝ դրանով մեղսակից դարձնելով ոչ միայն ձեզ, այլև ամբողջ հայ ժողովրդին։
Հուսով եմ՝ ձեր նախկին գլխարկների անվանումը չի կորել։
Ակնկալում եմ ձեզանից իմանալ այստեղ գտնվողների կարգավիճակի վերաբերյալ ՀՀ պետական դիրքորոշումը։ Ցավալի է, որ այստեղ գտնվողները չեն զգում ՀՀ-ի շունչը, բայց ինչ արած, իրականությունը սա է»,- հավելել է Մանուկյանը։
Նա նշե է նաև, որ բոլոր շինծու և կեղծ մեղադրանքների մասով ինքը և իր գործընկերները դատարանում շարունակում են արդար պայքարը՝ «թույլ չտալով նվաստացնել մեր իրավունքները, ինչպես նաև հայ ժողովրդին ու հայոց պետականությունը»։
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվում է ՀՀ 15 քաղաքացիների նկատմամբ ներկայացված վերաքննիչ բողոքի հիման վրա դատական գործընթացը։
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:
ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման:
Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։