
Հայաստանում առաջարկվում է սահմանել հանրային ծառայությունների ոլորտում կիրառվող ջրի, բնական գազի, էլեկտրաէներգիայի և այլ չափման սարքերի ստուգաչափման նոր գներ։ Էկոնոմիկայի նախարարության մշակած հրամանի նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Նախագծով մինչև 20 միլիմետր պայմանական անցում ունեցող ջրի հաշվիչների ստուգաչափման գինը նախատեսվում է սահմանել 300 դրամ, իսկ 25 միլիմետր և ավելի պայմանական անցում ունեցող ջրի հաշվիչների համար՝ 2500 դրամ, հայտնում է Արմենպրեսը:
Կենցաղային գազի հաշվիչների ստուգաչափման արժեքը նախատեսվել է սահմանել 500 դրամ։ Ավելի մեծ թողունակությամբ գազի ծավալային մեմբրանային հաշվիչների ստուգաչափման գինը կկազմի 1000 կամ 1500 դրամ՝ կախված սարքի թողունակությունից։
Գազի ռոտացիոն և տուրբինային հաշվիչների ստուգաչափման համար առաջարկվել է սահմանել 8000-ական դրամ, իսկ էլեկտրոնային ծախսաչափերի ստուգաչափման համար՝ 32 հազար դրամ։
Էլեկտրական էներգիայի միաֆազ հաշվիչների ստուգաչափման գինը նախատեսվում է սահմանել 400 դրամ, իսկ եռաֆազ հաշվիչների համար՝ 600 դրամ։
Ջերմային հաշվիչների ստուգաչափման արժեքը կկազմի 12 հազար դրամ, հոսքաչափերինը՝ 5000 դրամ, իսկ էլեկտրամագնիսական և ուլտրաձայնային հոսքաչափերի ու ծախսաչափերի համար նախատեսվում է սահմանել 15 հազար դրամ։
Հոսանքի և լարման տրանսֆորմատորների ստուգաչափման արժեքը կկազմի 2000-ական դրամ։ Ջրի, գազի և էլեկտրական հաշվիչների ստուգաչափման կայանքների համար նախատեսվում է սահմանել 25 հազար դրամ։
Նշված բոլոր գները ներկայացվել են առանց ավելացված արժեքի հարկի։
Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել 2018 թվականին ընդունված համապատասխան հրամանը և նոր կարգավորումները համապատասխանեցնել «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում կատարված փոփոխություններին։
Հրամանը նախատեսվում է ուժի մեջ դնել պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։
Նախագծի ընդունմամբ պետական կամ համայնքային բյուջեների եկամուտների և ծախսերի էական փոփոխություն չի ակնկալվում։