
«Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրամերիկահայ կինոպրոդյուսեր և սցենարիստ Սև Օհանյանն ասել է, որ միշտ երազել է, որ իր ֆիլմերը «Ոսկե ծիրանի» ծրագրում լինեն: Նա այդ մասին ասել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում «Հեղինակային կինոյից մինչև Հոլիվուդ» խորագրով հանդիպման ժամանակ՝ ուսանողների ու կինոսերների հետ հարցուպատասխանի ժամանակ:
Նա նաև կարծիք է հայտնել, որ հայկական կինոն մեծ ներուժ ունի:
«Ես միշտ օրինակ եմ բերում իմ ընկեր Գոռ Կիրակոսյանին։ Նա շատ լավ ու շատ ծիծաղելի ֆիլմեր է նկարում։ Ամերիկայում էլ հաճախ խոսում ենք հայկական արտադրության մասին։ Մենք նույնիսկ կատակ ենք անում․ ես միշտ փորձում եմ գուշակել, թե իր ֆիլմի բյուջեն որքան է եղել, ու միշտ շատ ավելի մեծ թիվ եմ ասում։ Հետո նա ցույց է տալիս իրական բյուջեն, ու ես նորից համոզվում եմ, որ այստեղի մարդիկ շատ տաղանդավոր են։ Կարողանում են համեստ միջոցներով շատ լավ գործ անել։ Կարծում եմ՝ ամենակարևորը շարունակել աշխատելն ու զարգանալն է»,-ասել է նա:
Օհանյան ասել է, որ շատ է ուրախացել, երբ այս տարի հրավեր է ստացել »ոսկե ծիրանից»:
«Ծրագիրն էլ շատ գեղեցիկ է կազմված, տարբեր ժանրերի ու հետաքրքիր ֆիլմեր կան։ Ընդհանրապես շատ սիրեցի այս տարվա ծրագիրը։ Տասը տարի առաջ, եթե ինձ ասեին, որ մի օր իմ ֆիլմն այստեղ է ցուցադրվելու, շատ դժվար կհավատայի»,-նշել է նա:
Օհանյանը խոսել է նաև Հայաստանի հետ իր կապի մասին:
«Ամեն անգամ, երբ օդանավ եմ նստում ու գալիս Հայաստան, շատ հուզված եմ լինում։ Երբ օդանավը վայրէջք է կատարում, ես միշտ ծափահարում եմ։ Վերջին անգամ, օրինակ, գիշերվա մոտ մեկին վայրէջք կատարեցինք, ու կարծես միայն ես էի ծափ տալիս, բայց ինձ համար դա նշանակում է, որ տուն եմ եկել։ Իսկ երբ վերադառնում եմ, միշտ տխուր եմ լինում։ Չեմ համբերում, թե երբ եմ նորից գալու»,- ասել է նա:
Օհանյանը խոսել է նաև իր մասնագիտական ճանապարհի, Հոլիվուդում աշխատելու փորձի, կինոարտադրության առանձնահատկությունների և հաջողության հասնելու կարևոր սկզբունքների մասին։
Հայազգի կինոպրոդյուսեր Սև Օհանյանը տարիներ շարունակ հաստատուն տեղ է զբաղեցնում Հոլիվուդում՝ իր անունը կապելով վերջին տարիների ամենահաջողված և ամենաքննարկված կինոնախագծերի հետ։ 2025 թվականին նա «Մեղսավորները» ֆիլմի համար առաջադրվել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի։ 2010 թվականից ի վեր Օհանյանն արտադրել կամ համարտադրել է շուրջ 20 ֆիլմ, որոնց մեծ մասը կա՛մ դարձել է ֆինանսական մեծ հաջողություն, կա՛մ արժանացել ամերիկյան կինոյի ամենահեղինակավոր մրցանակներին և անվանակարգերին։ Նրա ամենահայտնի նախագծերից են Անիշ Չագանտիի «Որոնումը» (2018), որը 880 հազար դոլար բյուջեով հավաքել է շուրջ 75 միլիոն դոլարի հասույթ, Շաքա Քինգի «Հուդան և սև մեսիան» (2021), որն առաջադրվել է «Օսկար»-ի հինգ անվանակարգում, ինչպես նաև նրա երկարամյա գործընկեր, ռեժիսոր Ռայան Քուգլերի «Մեղսավորները» (2025) ֆիլմը։