21 հուլիսի 2026 - 12:13 AMT
Դեսպան Բալայանը բարձրացրել է Վալոնիայում հայկական ապրանքատեսակների ներկայացվածության հարցը

Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը Վալոնիայում պաշտոնական հանդիպումների ընթացքում քննարկել է երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները և ընդգծել հայկական արտադրանքի ներկայացվածության մեծացման կարևորությունը։

Դեսպանատնից հայտնել են, որ Բալայանը նախ հանդիպում է ունեցել Վալոնիայի խորհրդարանի նախագահ Վիլի Բորսյուի հետ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Վալոնիայի հետ երկկողմ համագործակցության խորացման հեռանկարներին, միջխորհրդարանական գործընկերությանը, ինչպես նաև առաջիկա համատեղ միջոցառումների օրակարգին։

Բալայանը բարձրացրել է Վալոնիայում հայկական արտադրության ապրանքատեսակների ներկայացվածության հարցը՝ նշելով, որ ՀՀ կառավարության որդեգրած՝ արտահանումների բազմազանեցման ճանապարհին այս քայլը կարող է լուրջ խթան հանդիսանալ երկկողմ առևտրատնտեսական կապերի աշխուժացման համար։

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային վերջին զարգացումները՝ անդրադառնալով փոխկապակցվածության օրակարգի կարևորությանը։ Այս համատեքստում դեսպան Բալայանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի ամբողջական իրականացման արդյունքում տարածաշրջանը կվերածվի կայունության, անվտանգության և տնտեսական համագործակցության կարևոր հանգույցի՝ ապահովելով հաղորդակցության ուղիների ապաշրջափակումն ու արդյունավետ կապը։

Վալոնիայի խորհրդարանի նախագահը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակում աջակցել Հայաստանի նախաձեռնություններին։

Այցի ընթացքում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել նաև Նամյուրի քաղաքապետ Շարլոտ Բազելեղի հետ, որի ընթացքում քննարկվել են գիտակրթական, մշակութային և առևտրային ոլորտներում համագործակցության հնարավորությունները։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Նամյուրի առևտրային ցանցում Հայաստանի արտադրանքի ներկայացվածությունը խթանելուն առնչվող քայլերին։

Կարևորվել է քաղաքային տնտեսության կառավարման բնագավառում փորձի փոխանակումը, ինչպես նաև համատեղ կրթական ու մշակութային ծրագրերի իրականացումը, որոնք հենք կհանդիսանան համագործակցության սերտացման համար։

Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։ ՌԴ-նհունիսի 2-իցսահմանափակում է ՀՀ-ից կեռասի, ծիրանի, դեղձի, սալորի, խաղողիև այլ կորիզավոր մրգերիներմուծումը, ինչպես նաև տարանցումը ԵԱՏՄ մյուս երկրներ: Հունիսի 3-ից ՌԴ-ն սահմանափակել էՀայաստանից ծագող և արտահանվող սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծմաննկատմամբ։