
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում «Ընձառյուծի պահպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառում։ Այդ մասին ասվում է արգելոցի ֆեյսբուքյան էջում:
Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը հունիսի 30-ից մինչև հուլիսի 7-ը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում ամենօրյա հաշվառումներ է իրականացրել՝ ուսումնասիրելով բեզոարյան այծերի թվաքանակը։
Հաշվառումների հիմնական նպատակը նախապես ընտրված տեղամասերում բեզոարյան այծերի էգերի և ձագերի քանակի, ինչպես նաև դրանց փոխհարաբերակցության գրանցումն է եղել։ Ստացված տվյալներն ամփոփվելու և համեմատվելու են նույն տեղամասերում 2026 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին նախատեսված հաջորդ հաշվառումների արդյունքների հետ, ինչը հնարավորություն կտա առավել ամբողջական պատկերացում կազմել ընձառյուծի ապրելավայրերում բեզոարյան այծերի պոպուլյացիայի դինամիկայի վերաբերյալ։
2002 թվականից WWF Հայաստանը Շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ իրականացրել է «Ընձառյուծի պահպանությունը Հայաստանում» ծրագիրը, որն ընդգրկել է ընձառյուծի և նրա որսատեսակների մոնիթորինգը։ Ծրագիրը ֆինանսավորվել է WWF Գերմանիայի և WWF Շվեյցարիայի կողմից։