21 հուլիսի 2026 - 13:18 AMT
Մեսսի․ Արգենտինայի թիմը հասավ աշխարհի առաջնության երկու անընդմեջ եզրափակիչ

Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին ԱԱ-2026-ի եզրափակչում ցավալի պարտությունից հետո առաջին անգամ դիմել է երկրպագուներին՝ շնորհակալություն հայտնելով մրցաշարի ամբողջ ընթացքում ցուցաբերած աջակցության համար, հայտնում է Armsport-ը:

«Ցավն ահռելի է, և ժամանակ կպահանջվի այս վերքը բուժելու համար։ Բայց ես նախընտրում եմ հիշողությանս մեջ պահել միայն լավը՝ այն հանդիպումները, որտեղ մենք հետ բերեցինք կորցրածը՝ ներդնելով մեր ողջ ուժերը։ Ես միշտ կհիշեմ ողջ երկրի աջակցությունը, որն այս թիմի տքնաջան աշխատանքի և ջանքերի հետ մեկտեղ թույլ տվեց մեզ կրկին լինել աշխարհի լավագույնների շարքում։

Այսօր դժվար է լիարժեք գիտակցել մեր ձեռքբերումները, բայց այս թիմը հասավ աշխարհի առաջնության երկու անընդմեջ եզրափակիչ։

Ի սրտե շնորհակալ եմ ձեր յուրաքանչյուր հաղորդագրության և ցուցաբերած անսահման աջակցության համար։ Մեզ հերթական անգամ հաջողվեց համախմբվել որպես երկիր և միասին կանգուն մնալ՝ կիսելով այն հսկայական հպարտությունը, որ մենք արգենտինացի ենք։ Ցանկանում եմ նաև շնորհավորել Իսպանիային՝ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ»,- գրել է Մեսսին իր սոցցանցերում։

Չեմպիոնության համար կայացած վճռորոշ հանդիպման լրացուցիչ ժամանակում Արգենտինայի հավաքականը 0:1 հաշվով պարտվել է Իսպանիայի ընտրանուն։ 39-ամյա Մեսսին 12 միավորով (8 գոլ և 4 գոլային փոխանցում) դարձել է արգենտինացիների կազմում մրցաշարի ամենաարդյունավետ ֆուտբոլիստը։

Լիոնել Մեսսին Արգենտինայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն է հռչակվել 2022 թվականին՝ Կատարում անցկացված Մունդիալում։