21 հուլիսի 2026 - 15:29 AMT
Դավիթ Ղազինյանի վերաբերյալ գործը դատարան է ուղարկվել

Դատախազը հուլիսի 21-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ Հակակոռուպցիոն դատարան է հանձնել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը։

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Դ.Ղ.-ն, նույն դաշինքի Երևանի Վ. Փափազյան փողոցի 29 շենքի 73 հասցեում գործող գրասենյակի աշխատանքը փաստացի համակարգող Ա.Մ.-ի, դաշինքի համակիր Ա.Ս.-ի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ նախապատրաստվել է ընտրակաշառք տալ ընտրողներին՝ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված հերթական ընտրություններին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու պայմանով, հայտնում է դատախազությունը:

Հանցավոր մտադրությունը կյանքի կոչելու նպատակով Դ.Ղ.-ն Ա.Ս.-ին է փոխանցել 1 միլիոն 400 հազար դրամ՝ այն ընտրակաշառք տալու համար օգտագործելու նպատակով, սակայն հանցակիցների միջև ընտրակաշառքի գումարը բաշխելու և ընտրողներին փոխանցելու եղանակների շուրջ ծագած տարաձայնությունների հետևանքով ծրագրված հանցագործությունը Դ.Ղ.-ի կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել, իսկ գումարը հետագայում փոխանցվել է Ա.Մ.-ին։

Նույն քրեական վարույթով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել նաև Ա.Մ.-ի, Ա.Ս.-ի, Լ.Ս.-ի, Ս.Հ.-ի, Գ.Հ.-ի, Հ.Գ.-ի և Պ.Ջ.-ի նկատմամբ՝ ընտրակաշառք տալու, ընտրակաշառք տալու նախապատրաստության և ընտրակաշառք ստանալու համար։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։