
Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Նա մեղադրվում է մայրաքաղաքի հատուկ պահպանվող կանաչ տարածքների օտարման գործընթացում պաշտոնեական լիազորությունները չաշահելու մեջ։
Հուլիսի 20-ին դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ Հակակոռուպցիոն դատարան է հանձնել 2003-2009 թվականներին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Կ.Ա.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը, հայտնում է դատախազությունը:
Քրեական վարույթով պարզվել է, որ Կ.Ա.-ն պաշտոնեական լիազորություններն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և մասնակցել է Ազատության պողոտայի ու Բաբայան փողոցի հատման հատվածում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող, Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված երկու հողամասերի՝ յուրաքանչյուրը 6000 քմ մակերեսով, ապօրինի օտարման գործընթացին։
Նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ հողամասերը անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրված են եղել «Հայրենիք-Սփյուռք կամուրջ» և «Սուրբ Լազար» հասարակական կազմակերպություններին։ Միաժամանակ ՀՀ կառավարության որոշմամբ դրանք ընդգրկված են եղել Երևան քաղաքի կանաչ տարածքների ընդլայնման նպատակով առանձնացված հատուկ պահպանվող տարածքների կազմում, նախատեսված են եղել համաքաղաքային զբոսայգի հիմնելու համար և Հողային օրենսգրքի համաձայն ենթակա չեն եղել օտարման։
Նշվում է, որ Կ.Ա.-ն, տեղեկացված լինելով հողամասերի իրավական կարգավիճակի մասին, իր ստորագրությամբ հաստատել է դրանց օտարման վերաբերյալ որոշումների նախագծերը՝ ստեղծելով քաղաքապետի կողմից համապատասխան որոշումների ընդունման հիմք։ Արդյունքում երկու հողամասերը ուղղակի վաճառքի եղանակով օտարվել են հասարակական կազմակերպություններին՝ յուրաքանչյուրն 98 միլիոն 856 հազար դրամով։
Քրեական վարույթով հիմնավորվել է, որ այդ գործողությունների հետևանքով պետական սեփականություն հանդիսացող և օտարման ոչ ենթակա կանաչ տարածքները դուրս են բերվել պետության հաշվեկշռից, վերացվել է դրանց նկատմամբ գործող օրենսդրական արգելքը, ինչի արդյունքում պայմաններ են ստեղծվել հարակից տարածքների հետագա սեփականաշնորհման համար։ Վերջնական արդյունքում Երևանը զրկվել է նոր զբոսայգիներ և պուրակներ ստեղծելու հնարավորությունից, նախկինում հանրության համար հասանելի տարածքները դարձել են մասնավոր, ինչպես նաև խախտվել է քաղաքացիների՝ բարենպաստ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը։
Դատախազը Կ.Ա.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ երկու դրվագով։ 2026 թվականի հուլիսի 20-ին քրեական վարույթի նյութերը հաստատված մեղադրական եզրակացությամբ հանձնվել են Հակակոռուպցիոն դատարան։
Նույն քրեական վարույթի շրջանակում դատախազը ապրիլի 23-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել նաև Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի նկատմամբ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ հոդվածով), ինչպես նաև քաղաքապետարանի 2 այլ պաշտոնյաների նկատմամբ։