
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրավասու չէ քննարկելու «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը, հայտարարել է պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանը ԿԸՀ-ում Ազգային ժողովի մանդատների բաշխման նիստից հետո:
Ավելի վաղ նա հայտնել էր, որ ՀՀ դատախազությունը ԿԸՀ է ներկայացրել միջնորդություն, որը, ըստ էության, վերաբերում է Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելուն, գրում է Sputnik Արմենիան:
«Գործի նյութերը դեռ չեն տրամադրվել, բայց նյութերին ծանոթանալու համար ժամկետ չենք պահանջի` ելնելով Նարեկ Կարապետյանի դիրքորոշումից։ Մենք հիմա գործ ունենք օբյեկտիվ իրականության, ողջամտության, իրավունքի և արդարադատության հետ զրո առնչություն ունեցող գործի հետ։ Կխնդրեմ, որ նիստը դռնբաց լինի։ Սահմանադրական դատարանն իր որոշման մեջ հստակ նշել է, որ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից սկսած անձը չի կարող լինել անազատության մեջ։ Խոսքը լիազորության ստանձնման մասին չէ, որը լինելու է օգոստոսի 2-ից, այլ պատգամավորի կարգավիճակ ունենալու, այդ վկայականը ձեռք բերելու։ Հետևաբար ԿԸՀ–ն չի կարող քննել անձի անազատության մասին հարց, այլ խորհրդարանը պետք է լուծի այդ հարցը»,– ասել է Վարդևանյանը։
Նա նաև հիշեցրել է, որ նման իրավիճակ արձանագրվել է նաև 2021 թվականին։ Այդ ժամանակ ԿԸՀ-ն վերադարձրել է դատախազության՝ Իշխան Զաքարյանի վերաբերյալ միջնորդությունը, քանի որ վերջինս արդեն ունեցել է պատգամավորի կարգավիճակ։
Այս պահին ԿԸՀ-ն տվյալ հարցի շուրջ անցկացնում է փակ նիստ։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը պարզաբանել է, թե ինչու է ԿԸՀ-ն քննարկում Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունը, թեև Կարապետյանն արդեն ընտրված պատգամավոր է, հայտնում է Factor.am-ը:
Հովակիմյանի խոսքով՝ Ընտրական օրենսգրքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, պատգամավորի թեկնածուի, ինչպես նաև ընտրված, սակայն դեռևս լիազորությունները չստանձնած պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն ԿԸՀ-ի համաձայնությամբ։ Նա նշել է, որ այդ մոտեցումն ամրագրված է նաև Սահմանադրական դատարանի 2022 թվականի որոշմամբ։
«Ընտրված պատգամավորի, բայց դեռ լիազորությունները չստանձնած անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ ազատությունից զրկելու գործընթացը կարող է իրականացվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ, և այդ որոշումը պետք է ընդունվի ԿԸՀ անդամների երկու երրորդի ձայներով»,- ասել է Հովակիմյանը։
Նրա խոսքով՝ Սահմանադրական դատարանի որոշումից հետո ԿԸՀ-ն նախկինում հինգ նմանատիպ միջնորդություն վերադարձրել է Դատախազություն, քանի որ այդ ժամանակ անձինք ունեցել են միայն պատգամավորի թեկնածուի կարգավիճակ, որը, Ընտրական օրենսգրքի 91-րդ հոդվածի համաձայն, գործում է մինչև Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման ընդունումը։
Հովակիմյանը տեղեկացրել է, որ ավելի ուշ դատախազությունը կրկին դիմել է ԿԸՀ՝ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու նպատակով՝ արդեն հղում անելով Սահմանադրական դատարանի հիշյալ որոշմանը։ Նրա խոսքով՝ մինչև պատգամավորների ընտրված լինելու վերաբերյալ արձանագրության կազմումն ու խորհրդարանի կազմի հաստատումը հանձնաժողովը համապատասխան իրավական հիմք չի ունեցել տվյալ հարցը քննարկելու համար։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու Դատախազության դիմումը, որը ստացվել է հուլիսի 13-ին, քննարկվում է միայն այսօր, Հովակիմյանը պարզաբանել է, որ ընտրված, սակայն լիազորությունները դեռևս չստանձնած պատգամավորի իրավական կարգավիճակն առաջանում է միայն ԿԸՀ-ի կողմից ընտրված պատգամավորների մանդատների բաշխման վերաբերյալ արձանագրության կազմելուց հետո։
Նրա խոսքով՝ հենց այդ պահից՝ հուլիսի 21-ից մինչև օգոստոսի 2-ը՝ ժամը 10:00-ը, արձանագրությունում ընդգրկված անձինք համարվում են ընտրված, սակայն դեռևս լիազորությունները չստանձնած պատգամավորներ, և այդ ժամանակահատվածում նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցը գտնվում է ԿԸՀ-ի իրավասության ներքո։
Թե որ քրեական վարույթի շրջանակում է Դատախազությունը դիմել ԿԸՀ, չի հաղորդվում, քանի որ այդ տեղեկությունը համարվել է նախաքննական գաղտնիք։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն ավելի վաղ հայտնել է, որ ՀՀ դատախազությունը հանձնաժողով է ներկայացրել 4 միջնորդություն, որոնցից 3-ը ԿԸՀ-ն հետ է ուղարկելու։ Նրա խոսքով՝ միջնորդություններից մեկը վերաբերում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանին, իսկ մյուս երեքը՝ ընտրված, սակայն լիազորությունները դեռ չստանձնած պատգամավորների թեկնածուներին։