22 հուլիսի 2026 - 14:19 AMT
Առողջության ապահովագրության շահառուների թիվը հասել է 1.8 մլն-ի

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը հունվարի համեմատ ավելացել է 30 տոկոսով և արդեն կազմել է 1.8 մլն անձ։ Այդ մասին Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփման ասուլիսի ընթացքում հայտարարել է հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Սամվել Խարազյանը։

«Համակարգից արդեն իսկ օգտվող շահառուների թվում են նաև վարձու աշխատողներն ու անհատ ձեռնարկատերերը։ Այս ցուցանիշները պայմանավորված են տնտեսական աճով, աշխատատեղերի ստեղծմամբ։ Ապահովագրական ծառայություններից օգտվել է 762,404 անձ։ Ապահովագրված յուրաքանչյուր 2-րդ անձ օգտվել է ծառայություններից։ Միայն դեղորայք ստացել է 35,961 անձ»,– նշել է Խարազյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Հունիսի 30-ին կայացած ասուլիսի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարը ծառայություններից օգտված անձանց վերաբերյալ հայտարարել էր մեկ այլ ցուցանիշ՝ 842,750 անձ։

Անդրադառնալով ֆինանսական տվյալներին՝ Խարազյանը նշել է, որ մեկ շահառուի հաշվով ծախսը՝ առանց դեղորայքի, միջինը կազմել է մոտ 60,000 դրամ։ Ընդհանուր առմամբ համակարգի շահառուներին տրամադրվել են 164 մլրդ դրամի բժշկական ծառայություններ և դեղորայք։ Իսկ 65 և բարձր տարիքի քաղաքացիներին տրամադրված դեղորայքի և բժշկական ծառայությունների արժեքը կազմել է 57 մլրդ դրամ։

Ծախսերի զգալի մասն ուղղվել է թանկարժեք կամ անհետաձգելի վիրահատություններին։ Իրականացվել են սրտանոթային, էնդովասկուլյար, էնդոպրոթեզավորման և կատարակտայի վիրահատություններ։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հունիսի 30-ին հայտարարել էր, որ 2027 թվականի հունվարի 1-ից համակարգին միանալու են նոր խմբեր՝ քաղիրավական պայմանագրով աշխատողները, տաքսի ծառայություններում աշխատող վարորդները, ինչպես նաև բոլոր գրանցված աշխատողները՝ անկախ աշխատավարձի չափից։ Նա նաև ընդգծել էր, որ այդ հարցի շուրջ դեռևս պետք է քննարկում անցկացվի։

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը գործում է հունվարի 1-ից։ Առաջին փուլում համակարգում ընդգրկվել են 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող անձինք։ Այս փուլում ներառվել են նաև մինչև 18 տարեկան երեխաներն ու 65 տարին լրացած մեծահասակները՝ առանց բացառությունների։ Այս խմբի քաղաքացիների համար 2026 թվականին գործել է պետական 100-տոկոսանոց աջակցություն։