
Հուլիսի 21-ին Օտտավայում կայացել են ՀՀ և Կանադայի արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները։ Խորհրդակցությունները վարել են Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Կանադայի ԱԳ փոխնախարարի տեղակալ Ալեքսանդր Լևեքը։
Քննարկվել է Հայաստան-Կանադա երկկողմ օրակարգի առաջմղմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպություններում փոխգործակցությանը։ Երկու կողմերն ընդգծել են քաղաքական հարաբերությունները երկկողմ տնտեսական կապերի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ներդրումների միջոցով առավել ամրապնդելու անհրաժեշտությունը։
Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են երկու երկրների միջև վերընթաց զարգացող երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը, որին նոր լիցք է հաղորդել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան։ Կարևորվել է նաև երկկողմ բարձրաստիճան շփումների շարունակականությունը։
ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը կանադացի գործընկերոջը ներկայացրել է նաև տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև Հարավային Կովկասում հաստատված խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերը։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև միջազգային զարգացումների շուրջ։