
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ քննչական մարմիններն անցել են «ընդդիմադիր կուսակցություններին նվիրատվություն կատարած անձանց հետապնդումների»:
ՀՅԴ-ն ուշադրություն է հրավիրում «միահեծան նեոբոլշևիզմի և պետական մակարդակով իրականացվող ընտրակոռուպցիայի վրա»:
«Լեգիտիմության ճգնաժամի մեջ հայտնված ՀՀ գործող իշխանությունը նոր մակարդակի է հասցրել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ իրավական ամենաթողությունը՝ իրավապահ համակարգն անխնա օգտագործելով իր նպատակադրումներում: Չբավարարվելով ոչ օրինական գաղտնալսումներով, ձերբակալություններով, կալանավորումներով և ապօրինի բազմաթիվ քրեական հետապնդումներով, կամակատար քննչական մարմիններն անցել են ընդդիմադիր կուսակցություններին նվիրատվություն կատարած անձանց հետապնդումների:
Մասնավորապես, արդեն տևական ժամանակ է, որ քննչական մարմինը ըստ էության ապօրինաբար բերման և անօրեն «հարցաքննության» է ենթարկում ՀՅԴ անդամների և համակիրների, պարզապես քաղաքացիների, ովքեր օրենքով սահմանված պահանջներին համապատասխան նվիրատվություն են կատարել կուսակցությանը: Սա այն դեպքում, երբ մամուլում տարածված բազմաթիվ անհերքելի փաստերը վկայում են հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ապօրինի եկամուտներ ստանալու, վարչական ռեսուրսը ընտրություններում ամբողջական և անթույլատրելի կերպով սեփական կուսակցական շահերին ծառայեցնելու իրողությունները: Ինչպես կանխատեսելի էր, այս պարագայում իրավապահ և այլ իրավասու մարմինները լռում են»,-ասվում է հայտարարության մեջ:
Այս ամենը գնահատելով որպես ՀՀ Սահմանադրության 8-րդ և 46-րդ հոդվածների խախտման, ինչպես նաև «ժողովրդավարության հիմքերի տապալման ակնհայտ փորձ»՝ ՀՅԴ-ն միջազգային կազմակերպություններից և դիտորդական առաքելություններից պահանջում է տալ համարժեք, անաչառ գնահատական իշխող վարչախմբի նման գործելաոճին:
«Իրավապահ մարմիններից պահանջում ենք անհապաղ վերադառնալ օրինականության դաշտ՝ պահպանելով Սահմանադրության ու «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի պահանջները։
Հանրության ուշադրությունն ենք հրավիրում քաղաքական իշխանությունների՝ միահեծան նեոբոլշևիզմի և պետական մակարդակով իրականացվող ընտրակոռուպցիայի վրա:
Հայտարարում ենք, որ ՀՅԴ բազմահազար անդամները, համակիրներն ու աջակիցները չեն ընկրկելու պատժիչ մեքենայի ապօրինությունների առջև, չեն վախենալու շինծու հարցաքննություններից և վճռականորեն շարունակելու են պայքարը գործող վարչախմբի դեմ՝ հանուն իրավական, ժողովրդավարական և անվտանգ Հայաստանի»,-ասվում է հայտարարության մեջ:
Ընտրությունների վերջնական արդյունքներով խորհրդարան են անցել «Քաղաքացիական պայմանագիր»` 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան»` 29 մանդատ, «Հայաստան»` 12 մանդատ: