22 հուլիսի 2026 - 15:36 AMT
ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն է տվել «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ, պատգամավորի մանդատ ստացած Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու դատախազության միջնորդությանը։ Այդ մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը, հայտնում է Արմենպրեսը:

Նա մանրամասնել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով էր ներկայացրել 2 միջնորդություն՝ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ։

Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ քննարկվել է առաջին միջնորդությունը, այսինքն՝ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդությունը։

«Այդ միջնորդության բավարարումն ունենք»,- նշել է Մարտիրոսյանը։

Երկրորդ միջնորդությունն այժմ քննվում է:

Փաստաբան Արամ Վարդևանյանն իր հերթին ասել է, որ որոշումը վերաբերում է բացառապես մեղադրանք առաջադրելու համաձայնությանը և չի նշանակում, որ Նարեկ Կարապետյանը զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից ամբողջությամբ, հայտնում է Factor.am-ը:

«Սա չի հանդիսանում անձեռնմխելիությունից ընդհանրապես զրկում։ Սա վերաբերում է մեղադրանք տալուն համաձայնությանը»,- ասել է նա:

Վարդևանյանի խոսքով՝ նիստում քննարկվել է նաև հարցը` արդյոք ԿԸՀ-ն կարող է համաձայնություն տալ Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք ընտրելուն: Նա նշել է, որ իրենք ներկայացրել են ինչպես սահմանադրաիրավական, այնպես էլ քաղաքական բնույթի հակափաստարկներ՝ հղում անելով Սահմանադրական դատարանի որոշումներին։

Ըստ Վարդևանյանի՝ Նարեկ Կարապետյանն արդեն իսկ պատգամավորի կարգավիճակ ունի, թեև դեռևս չի ստանձնել լիազորությունները։

Նա նաև պնդել է, որ Դատախազությունը բավարար իրավական հակափաստարկներ չի ներկայացրել իրենց դիրքորոշման դեմ և ընդգծել, որ Սահմանադրական դատարանի որոշումների համաձայն՝ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը չի կարող ազատազրկվել առանց համապատասխան սահմանադրական ընթացակարգերի։

Ավելի վաղ Վարդևանյանը հայտնել էր, որ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը կապված է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Ալիկ Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքի հետ։

Դատախազությունն իր հերթին նշել էր, որ, ելնելով նախաքննության շահերից, չեն մեկնաբանում, թե ինչ վարույթի շրջանակներում է Դատախազությունը ԿԸՀ-ին միջնորդություններ ներկայացրել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ։

Հուլիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բաշխել է հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Ազգային ժողովի պատգամավորական մանդատները։ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակից պատգամավորական մանդատ է ստացել նաև Նարեկ Կարապետյանը։