22 հուլիսի 2026 - 15:42 AMT
Դատարանը 2 ամսով երկարացրել է Թևանյանի կալանքի ժամկետը

ՀՀ առաջին ատյանի դատարանը 2 ամսով երկարացրել է «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետը։

«Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը` 2 ամսով երկարաձգվել է կալանքը։ Միակ բանը, որ արձանագրվել է, բժշկական օգնության իրավունքն է. քննիչին պարտադրել են, որ Թևանյանն իրավունք ունենա քաղաքացիական հիվանդանոցում իր բժշկի մոտ բուժում ստանալ»,– ասել է փաստաբան Սերգեյ Մարաբյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Նրա խոսքով` որոշումը նոր է ստացել, ինքը դեռ չի հասցրել ծանոթանալ, բայց վստահեցրել է` քրեական գործ չկա։ Նա ընդգծել է, որ իրավապահներն էլ չեն կարողանում որոշել` պետական գաղտնիք է, թե ոչ, նույնիսկ պարզաբանում չեն տալիս։

«Պետական գաղտնիքը վերացական հասկացություն չէ, հստակ սահմանումներ կան։ Որևէ տեղեկություն պետական գաղտնիք դառնալու համար սկզբում գաղտնագրվում է, ուղարկվում ԱԱԾ, օրենքում սահմանված ժամկետում հաշվառման վերցվում, գրվում է, որ գաղտնիք է, սահմանափակումներ են կիրառվում։ Այս ամենից հետո գաղտնիության աստիճանն է նշվում` գաղտնի, հույժ գաղտնի և հատուկ կարևորության ինֆորմացիա։ Մենք այժմ պահանջում ենք այդ գաղտնագրումները, քանի որ առանց դրա որևէ տեղեկութուն չի կարող պետական գաղտնիք համարվել»,– ասել է Մարաբյանը։

Նա պնդել է` բոլոր ներկայացված այսպես կոչված հիմքերը կանխավարկածներ են։

Ավելի վաղ, Թևանյանը մեկուսարանից հայտարարություն էր արել, որով պահանջել էր իր գործով բաց դատաքննություն անցկացնել: Նա կարծում է, որ ժողովուրդը պետք է իմանա, թե ինչի համար են իրեն մեղադրում, և հանրությանը պետք է ցույց տան իրականությունը։

Թևանյանը ձերբակալվել էր այս տարվա մայիսին՝ լրտեսության և պետական դավաճանության մեղադրանքով։ Մայիսի 21–ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ քաղաքացի Ա.Թ.–ն (Անդրանիկ Թևանյան), լինելով պատգամավոր, 2024 թվականին իբր հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից և վարել գործակալական գործունեություն:

Քննության վարկածով՝ նա ապօրինի կերպով մանրամասն տեղեկություններ է ստացել 2024 թվականի ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական փակ քննարկումից, նյութերը թարգմանել է ռուսերեն և փոխանցել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Ինչպես պնդում է ՀՀ քննչական կոմիտեն, այդ նպատակով նա ստացել է 622 հազար դոլար։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ինքը՝ Թևանյանը, հերքել է մեղադրանքները՝ դրանք անվանելով անհեթեթ և քաղաքական դրդապատճառներով հիմնավորված։