22 հուլիսի 2026 - 16:07 AMT
Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվել է, պաշտպանները բացարկ են ներկայացրել քննչական ամբողջ խմբին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվել է, ինչից հետո ԲՀԿ առաջնորդը դուրս է եկել ՀՀ քննչական կոմիտեից։ Այսօրվա հարցաքննությունը տևել է երեք ժամ։

Փաստաբան Էմին Խաչատրյանը ՔԿ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ պաշտպանական խումբը բացարկի միջնորդություն է ներկայացրել քննչական ամբողջ խմբին, հայտնում է Sputnik Արմենիան:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փաստաբան Երեմ Սարգսյանը հեռացվել է վարույթից՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, իսկ հուլիսի 22-ին նրան ՔԿ են հրավիրել հարցաքննության՝ վկայի կարգավիճակով։

«Այս ամբողջ քննության ընթացքում ապօրինությունները տեսնելուց հետո միամտություն կլինի այստեղ արդարություն փնտրելը, հետևաբար առնվազն մենք այս փուլում պետք է արձանագրենք թե՛ տեղի ունեցած ապօրինությունները, թե՛ այն հանգամանքը, որ հնարավոր ու անհնար բոլոր մեթոդներով պարոն Ծառուկյանին զրկում են արդյունավետ պաշտպանության իր իրավունքից, որն ամրագրված է Սահմանադրությամբ և ՀՀ օրենսդրությամբ»,- ասել է Էմին Խաչատրյանը։

Նա հավելել է, որ թեև Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվողը, իր գնահատմամբ, իրավական գործընթաց չէ, այնուամենայնիվ, իրենք շարունակելու են պայքարը իրավական դաշտում։

Փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ իրենց հրավիրել էին առերեսումը շարունակելու, սակայն, նրա խոսքով, գործընթացի մեկնարկից առաջ իրեն հեռացրել են վարույթից՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, գրում է Aysor.am-ը:

«Մենք եկել էինք, հրավիրվել էինք, որպեսզի առերեսումը շարունակվեր, սակայն մեր իրավական համակարգը չի դադարում ֆանտազիաներով մեզ զարմացնել»,- ասել է Սարգսյանը։

Նրա խոսքով՝ առերեսումը սկսելուց առաջ հայտարարել են, որ իրեն այլևս չեն թույլատրում հանդես գալ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան։

«Թույլ չեն տալիս, որպեսզի հանդիսանամ Գագիկ Ծառուկյանի պաշտպանը, որովհետև Իրանի քաղաքացին ցուցմունք է տվել, որ իրենց ընդհանուր հանդիպումների ժամանակ ես ևս որոշակի հանդիպումներին ներկա եմ եղել Ծառուկյանի հետ, և իրենք դիտարկել են, որ ես կարող է գործի վերաբերյալ տվյալ ունենամ և վկայի կարգավիճակում հարցաքննվել»,-ասել է նա:

Փաստաբանի գնահատմամբ՝ տեղի ունեցածը ապօրինությունների գագաթնակետն է։

«Իրենք վախից ինձ հեռացրեցին վարույթից, որովհետև այն ապօրինությունները, որոնք կատարել էին, երեկ ուղղակի ջախջախել ենք։ Այն հարցերը, որոնք ես ուղղում էի տուժողին, սկսում էին հարցերը հանել։ Այսինքն՝ հարցը տրվում էր, քննիչն աում էր՝ վարույթի հետ կապ չունի և հարցը հանում էր։ Մենք հիմնավորել ենք, որ տուժողն ինչ ասել է՝ սուտ է»,-ասել է փաստաբանը:

Հուլիսի 6-ի վաղ առավոտից ԱԱԾ, ՊԵԿ, ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները 70-ից ավելի հասցեներում՝ Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող ընկերություններում, իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ: Ծառուկյանը ձերբակալվել է: Հուլիսի 7-ի վաղ առավոտից Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացել է Ծառուկյանի խափանման միջոցի քննությունը: Օրվա ավարտին հայտնի է դարձել, որ նա 2 ամսով կալանավորվել է: