
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան» երևանյան 23-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում արժանացել է միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի, հայտնում է Gravity Production ընկերությունը։
Նշվում է, որ այս մրցանակը գնահատական է ֆիլմի ստեղծագործական և տեխնիկական թիմի համատեղ աշխատանքի և մասնագիտական գործունեության համար, գրում է Factor.am-ը:
«Այս ճանաչումը ոչ միայն նշանակալի ձեռքբերում է, այլև նոր փուլ ֆիլմի միջազգային կինոփառատոնային ճանապարհորդության մեջ։ Վստահ ենք, որ այն դեռ կունենա նոր ցուցադրություններ, նոր հանդիսատես և նոր հաջողություններ աշխարհի տարբեր հարթակներում»,- ասվում է հաղորդագրությունում։
Ֆիլմի ռեժիսորն ու սցենարի հեղինակը Արթուր Սահակյանն է, պրոդյուսերը՝ Արամայիս Հայրապետյանը, օպերատորը՝ Սիմոն Դավթյանը, մոնտաժողը՝ Նարեկ Խաչատուրյանը, ձայնային ձևավորումն ու երաժշտությունը հեղինակել է Արման Փարսամյանը, իսկ գունային մշակումն իրականացրել է Adler Colorist-ը։
Միջազգային լիամետրաժ ֆիլմերի մրցույթում փառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե ծիրանը», շնորհվել է Մելագրոս Մումենթալերի «Հոսանքներ» (The Currents) ֆիլմին։ «Արծաթե ծիրանը» ստացել է Մորթեզա Ահմադվանդի և Ֆիրուզե Խոսրովանի «Անցյալ․ ապառնի․ շարունակական» (Past, Future, Continuous) ֆիլմը, իսկ Սեբաստիան Բրամեսհուբերի «Լոնդոն» (London) ֆիլմն արժանացել է միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման: